Դուշման Վարդանի խմբից մի հերոսի պատմություն

Լեգենդար մարտիկ, Վարդան Դուշմանի ընկեր Արթուր Ղարիբյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում: 1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորել քանդակի բաժնում:

1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին: Եղել է Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարը:

Զոհվել է 1992թ. նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից: Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել: Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»:

Աճյունը ամփոփված է Եռաբլուրում`իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին («Դուշմանը կյանքս փրկեց, ինչպես չկարողացա ինքս էլ Դուշմանի կյանքը փրկել»,- անընդհատ կրկնում էր նա):

Նա պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու) և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով (հետմահու):