Հայկական միստր և միսիս Սմիթների պատմույթունը։ Նրանց երբեք չկարողացան բռնել

Վարդանյան ամուսիններն իսկապես լեգենդար անձնավորություններ են։ Միայն պատկերացրեք` 30 տարի անլեգալ աշխատել են և ոչ մի անգամ չեն բացահայտվել։ Աշխատել են աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ակտիվ գործում են ԿՀՎ-ն, «Մոսսադը», ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները։ Ընդ որում` նրանք կադրային չեկիստներ չէին։ Ճիշտ է` նրանց ուսուցիչն էր հանրահայտ Հովհաննես Աղայանցը։ Սակայն նրանք բնածին տաղանդով էին օժտված, բացառիկ կարողությունների տեր բնածին հետախույզներ էին։

Մի քանի դեպք է եղել, որ ամուսինները հազիվ են խուսափել «տապալումից»։ Դրանցից մեկը եղել է Եվրոպայում, որտեղ նրանք ներկայացել են որպես Իրանի հպատակներ։ Գոհար Լևոնովնան նստած է եղել վարսավիրանոցում, իսկ ամուսինը նրան սպասել է դրսում։ Մի պահ մոտեցել է վարսավիրանոցին և հարցական նայել կնոջը` ցանկանալով պարզել, թե դեռ երկա՞ր է մնալու այնտեղ։ Այդ ժամանակ կինը ռուսերեն ասել է. «Ժորա, Ժորա (այդպես էին նրան կոչում հարազատները), հիմա վերջացնում եմ»։ Նույն պահին Գևորգ Անդրեևիչն անմիջապես անհետացել է։ Բարեբախտաբար, ներկաներից ոչ ոք ռուսերեն չի իմացել, այլապես դա կարող էր մի մեծ պատմություն դառնալ։

Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել ենթադրաբար Ամերիկայում (թեև այդ մասին ոչ մի տեղ չի խոսվում)։ Նրանք ներկայացել են որպես գործարարներ և հրավիրվել են ընթրիքի, որին մասնակցելու են եկել պետական և ռազմական կարևոր գործիչներ։ Ներկա են եղել նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Գոհար Լևոնովնան մտել է դահլիճ և անմիջապես «դուրս նետվել» այնտեղից, քանի որ այնտեղ մի կին է եղել, որը նրանց ճանաչել է մեկ այլ երկրում այլ անուններով։ «Դա հարյուրտոկոսանոց ձախողում կլիներ։ Եթե նա մեզ ճանաչեր, մենք դժվար թե ողջ մնայինք», — խոստովանել է հետախույզը։ Այդ պահին Գոհար Վարդանյանը ձևացրել է, թե վատ է զգում, և նրանք անհապաղ հեռացել են սրահից։