Հովհաննես Բաղրամյանը ասել է՝ «Դուք կոնյակի մարշալ եք». գիտե՞ք՝ որ ՀԱՅ բարերարին են ուղղված այս խոսքերը

Հովհաննես Բաղրամյանի այս խոսքերն ուղղված են քաղաքական, հասարակական գործիչ, բարերար, Հայաստանում հողագործության, գինեգործության զարգացման նվիրյալ Մկրտիչ Թադևոսի Մուսինյանցին, ով ծնվել է 1868 թ-ին Երևանի Կոնդ թաղամասում: Մուսինյանցը ընտանիքի երկրորդ երեխան է եղել: Հայրը մահացել է, երբ նա 6 տարեկան էր: Սովորել է թեմական հոգևոր դպրոցում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:  Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ Մուսինյանցը ուսումը շարունակել է Մոսկվայում: Եղբոր աջակցությամբ մեկնել է Ֆրանսիա, այնտեղ սովորել շերամապահություն, այնուհետև վերադարձել է Երևան, ուսումնասիրել Երևանում գինեգործության հեռանկարները, կազմել Երևանում գինեգործության դպրոց ստեղծելու նախագիծ, դիմել պետական մարմիններին աջակցության համար, սակայն մերժում է ստացել:

1892 թվականի հոկտեմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի տեր Ներսես Թաիրովի ու նրա գործընկեր Ալեքսանդր Օգանովի հրավերով Մուսինյանցն աշխատանքի է անցել գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ: 2 տարի անց նշանակվել է գործարանի կառավարիչ:

1899 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Ն. Թաիրովն ու Ա. Օգանովը վաճառում են իրենց գործարանը մոսկովյան «Ն. Շուստով և որդիներ» ֆիրմային, Մուսինյանցը շարունակում է պաշտոնավարել և նրա նախաձեռնությամբ բերվում են ֆրանսիական ագրեգատներ, ավելանում է աշխատողների թիվը։ Գործարանը կառավարել է 21 տարի: Միաժամանակ զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել է ապրանքագիտություն, հողագործություն, հաշվապահություն, օրենսդրություն, քաղաքագիտություն։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոնյակի արտադրության մեջ կարողացել է պահպանել օգտագործվող սպիրտի պաշարները, որոնք Հայաստանի առաջին Հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ են բերել։

Մուսինյանցը եղել է քաղաքային դումայի անդամ, Հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղի անդամ, Գաղթականական եղբայրության օգնության հիմնադրամի փոխնախագահ, Երևանի նահանգի պարենավորման կոմիտեի նախագահ։