«Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա». ճանաչենք անհետ կորած Ջամբազի արծվին
Խոսքերի հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանն է, ով հայտնի է Ջամբազի արծիվ մականունով:
Ծնվել է 1964 թ. փետրվարի 19-ին Սիրիայում։ Մոտ 1 տարեկան էր, երբ ընտանիքը գաղթեց Հայաստան: Կարոտը չորս զավակներից երրորդն էր։ Ազատամարտիկը զբաղվել է ըմբշամարտով։ Ավարտել է Պռոշյանի միջնակարգ դպրոցն ու ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան։
Առաջին կուրսում էր սովորում, երբ զորակոչվեց խորհրդային միության բանակ։ Բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով վերադառնալով բանակից՝ Կարոտը ուսումը շարունակում է Պոլիտեխնիկական համալսարանում։ 1989թ թվականին ավարտելով համալսարանը՝ ստանում է Ինժեներ — մեխանիկի որակավորում։ 1988 թվականից սկսված եղել է արցախյան ազատամարտի առաջատարներից մեկը։
1 տարի անց դարձել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը։ 1990 թ. աշնանը Կարոտի խումբը Նոյեմբերյան-Շամշադին գծից վերադառնալուց հետո մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը։ Զենք-զինամթերքի հայթայթումից զատ, Կարոտն իր ընկերների՝ Պետոյի և Հրաչի հետ միասին, շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կարճ ժամանակում տեղացի ուժերից ստեղծում էր նոր մարտական խմբեր, սովորեցնում նրանց զենքի ու մարտարվեստի նրբությունները։
1991 թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ ԹաթուլԿրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին։ Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր՝ համալրելու Սիմոն Աչիգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը։ Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ 1991 թ. ապրիլի 30-ին Օղակ 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի համագործակցությամբ Կարոտի առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ։
1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար։ Կարոտի խումբը մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, ինչպես նաև Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։
Հունիսի 13-ին ազերիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի դեմ մղած անհավասար մարտը վերջինը եղավ Կարոտի համար։ Նման քայլի կարող էր գնալ միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը։ Իմանալով, որ թշնամու հարյուրավոր զինվորներ են բարձունքում, նա վճռականորեն գնաց թշնամուն ընդառաջ:
Կարոտը հենց Շահումյանում էլ անհետացավ, սակայն նա այդ քայլով ցույց տվեց թշնամու դեմ կանգնելու ու չհանձնվելու անկոտրում կամքը: