Թալեաթը միակը չէր։ Միլիոն ու կեսի վրեժը
Սողոմոնը Կ. Պոլիս ժամանելուց հետո տեղեկանում է, որ դեռևս Պոլսում է Թալեաթի հայազգի գործակալ, մատնիչ Հարություն Մկրտչյանը: Այդ նա էր, որ Պոլսի ոստիկանապետ Բեդրիի միջոցով Թալեաթին էր փոխանցել «սև ցուցակը» (բաղկացած 250 հայ մտավորականների անուններից, որոնք գրեթե բոլորն էլ դառնում են Մեծ եղեռնի զոհ):

Երկու շաբաթ լրջորեն հետապնդելով հրեշին` 1919 թ. ապրիլյան մի երեկո Թեհլիրյանը փողոցից հետևում էր Մկրտչյանի տան անցուդարձին: Տեսնելով, որ տանն ինչ-որ հավաքույթ է, ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում, Թեհլիրյանը հանում է ատրճանակը և որոշում կրակել ապակու հետևից:

Նա կրակում է ուղիղ դավաճանի սրտին ու տեսնում, թե ինչպես է գետնին տապալվում, ապա արագ հեռանում է: Հաջորդ առավոտ Թեհլիրյանը տեղեկանում է, որ Մկրտչյանը չի մահացել և հիվանդանոցում է: Նա որոշում է հիվանդանոց գնալ և այնտեղ ավարտին հասցնել սկսած գործը: Այս քայլից նրան հետ է պահում օրիորդ Երանուհին՝ ասելով, որ բժիշկները հույս չեն տվել: Մի քանի ժամ անց Հարություն Մկրտչյանը մահանում է: Այս մասին Սողոմոնը որևէ տեղ չի հիշատակել, և գիտեին միայն նրա ընտանիքի անդամները: