Գիտե՞ք ինչու են հայերը երեխային քառասունքի մեջ պահում, ո՞րն է դրա իմաստը
Ըստ բնական օրինաչափության՝ ծնված երեխան մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: Եվ նախքան իրական կյանք մտնելը երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին։
Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի՝ ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի և օրհնություն ստանում։

Ընդունված ու մինչ օրս գործող ավանդույթ է երեխաներին տատիկ-պապիկի անունով կոչելը. սա յուրատեսակ հարգանքի տուրք է մեծահասակաների նկատմամբ։ Երեխայի համար էլ՝ ընտանիքի հետ ամուր կապը չկորցնելու ևս մի հիշեցում։ Մեկ այլ ավանդույթ էլ խորհուրդ է տալիս նորածնին քառասուն օր օտար աչքերից հեռու պահել։ Շատերն այս ավանդույթը համարում են կարծրատիպային ու հետամնաց, սակայն հարկ է նշել, որ մեր հասարակության մեծամասնությունը դեռևս պահպանում է այն։
Ի դեպ, այս երևույթը բացի ավանդական նշանակությունից, ունի նաև հոգեբանական և ֆիզիոլոգիական հիմքեր. ծննդյան առաջին իսկ պահից նորածինը մորից ստանում է իմունիտետն ամրապնդող այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են մինչև կյանքի առաջին երկու տարին: Այդուհանդերձ, նրա օրգանիզմը դեռևս անպաշտպան է արտաքին աշխարհի վարակների ու մանրէների նկատմամբ, որոնք կարող են ներթափանցել անգամ ամենամաքրակենցաղ ու առողջ մարդու միջոցով: