19-ամյա ՀԵՐՈՍ Վան Ասլանյանը իր զինակից ընկերների հետ 4 տանկ էին խփել. Կարդացե՛ք հայորդու կյանքի հերոսական դրվագները

«Սեպտեմբերի 30-ին սիրտս անհանգիստ էր, միջնեկիս ասեցի՝ Գո՛ռ, զանգի՛ Վանին, տեսնենք՝ ի՛նչ կա, չի զանգել։ Ով էր, որ վերցրեց հեռախոսը՝ չգիտեմ, ասեց՝ Վանն արդեն չկա»,- կսկիծով պատմում է պատերազմում զոհված Վան Ասլանյանի մայրը՝ Մելանյա Խոսրովյանը։

19-ամյա Վանը ժամկետային զինծառայող էր, 6 ամիս ծառայելուց հետո սերժանտի կոչում էր ստացել, դարձել դիրքի ավագ։ Հադրութում է ծառայել, Ադրբեջանի սանձազերծած պատերազմն սկսվելուն պես տեղափոխվել է Ֆիզուլի, մինչդեռ ընտանիքի անդամներին ասել է՝ զորամասում է, ամեն ինչ հանգիստ է։

«Վերջին անգամ խոսեցինք սեպտեմբերի 30-ին, ասեց՝ ես չաստում եմ, ինձ ոչ մի տեղ չեն տարել, մենք ապահով տեղում ենք, բայց մեզ խաբեց… Իրան Ֆիզուլի էին տարել։ Հենց էդ օրն էլ դեպքը եղել է»,- հուզմունքով ասում է մայրը։

Որդու զինակից ընկերներից, որոնք փրկվել են, Ասլանյաններին պատմել են Վանի հերոսական մարտերից։

«Մյուս երեխեքը, որ թողել էին պոստերը, բոլորին գերի էին վերցրել, Վանենց ջոկատը 11 հոգով դիրքերը հետ են վերցրել։ Տղաները պատմում են, որ տեսել են՝ ոնց են երեխեքին սպանում, գերի վերցնում, Վանն ասել ա՝ տղե՛րք, հետևի՛ցս եկեք, փոքրիկ մատուռ էին սարքել, ասել ա՝ եկեք գնանք, երդվենք, որ ոչ մեկս գերի չպետք ա ընկնի։ 

4 տանկ են խփել իրանք, թուրքի 50-60 հոգանոց ջոկատներ էին գալիս, խփում էին, ու թուրքերից ոչ մեկը չէր փրկվում։

Վան Ասլանյանը պատերազմի դաշտում զոհվել է արկի հարվածից։ Վանի մասին ընտանիքը լուր չի ստացել շուրջ 10 օր, փնտրել են ամեն տեղ՝ հույսով, որ որդին ողջ կլինի։ 

Մելանյան ասում է՝ որդու զոհվելու լուրն իմանալուց հետո այլևս չեն ապրում․ «Մեր կյանքը գնաց անդունդ, ապրում ենք՝ չապրելուն հավասար»։

Մելանյան ասում է՝ որդին սրտի խնդիր ուներ, բայց ամեն ինչ արեց, որ անպայման ծառայի։ Դեռ փոքր տարիքից զինվորական համազգեստը սիրում էր ու որոշել էր, որ պետք է անպայման բանակում ծառայի:

Մայրն ասում է՝ որդին ընկերուհի ուներ։ Մոր հետ կիսվել էր երազանքով, ասել, որ ուզում է այնքան երեխա ունենա, որ ֆուտբոլի թիմ հավաքի։ Վանի մեծ երազանքն էր նաև լինել Վանա լճում և Աղթամարի վանքում մոմ վառել։

Մոր ականջին անընդհատ որդու ձայնն են, որդու երգը, կանչը․ «Ինքը մինչև տուն մտնելը երգելով էր գալիս, կանչելով էր գալիս՝ Մելո՜ւշ, ինձ էր կանչում։ Հիմա էդ ձենը ականջիս ա»,- ասում է որդեկորույս մայրն ու հուզմունքից դադարեցնում խոսքը։