65-ամյա Օլյա Դավթյանը պատերազմներից մեկում կորցրեց ամուսնուն, մյուսում՝ որդուն. Կինն ապրում է Արցախում, բայց նրա մեջ մեծ վախ կա

65-ամյա Օլյա Դավթյանը Արցախյան երկու պատերազմների հետևանքով կորցրել է սկզբում ամուսնուն, այնուհետև՝ որդուն։ Ասում է՝ այդպես էլ պատերազմը չթողեց, որ հանգիստ սրտով ապրի․ «Ես դառնությամբ եմ ապրել, անընդհատ վիշտը սրտումս ա էղել, իմ ժպիտը րոպեական ա եղել»,- արցունքների միջից ասում է Օլյան։

Օլյա Դավթյանը Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ 90-ականների պատերազմի ժամանակ ամուսնուն կորցնելուց հետո երեք անչափահաս երեխաներին միայնակ է մեծացրել, միաժամանակ մի քանի աշխատանք կատարել, որ կարողանա ապրուստը հոգալ։ Ասում է՝ տարիներն անցան, չարչարանքը սկսեց մոռանալ ու արդեն պետք է վայելեր կյանքը, բայց վրա հասավ երկրորդ ողբերգությունը։ 

«Ամուսինս 39 տարեկան էր, որ զոհվեց։ Շրջափակման մեջ ընկան, և իրենց գլուխները կտրած տարան։ Առանց գլուխ են բերել։ Հիմա էլ՝ տղես։ Հարված՝ հարվածի հետևից»,- ասում է 65-ամյա կինը։ 

Օլյա Դավթյանի որդին՝ 45-ամյա սպա Սլավա Դավթյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա երրորդ պատերազմին էր մասնակցում, մայրն ասում է՝ առաջին անգամ որդին 16 տարեկանում է մասնակցել պատերազմին։

Մայրը կսկիծով պատմում է, որ հոկտեմբերի 2-ին տղան կնոջը բերել է իրենց տան նկուղ, որ ապահով լինի, ու նորից գնացել դիրքեր, նույն օրն էլ՝ ժամեր անց, զոհվել։

Ասում է՝ նույնիսկ տղայի մարմինը տեսնելուց հետո էլ չի կարողանում հավատալ ու համակերպվել իրականության հետ․ «Ես մինչև հիմա չեմ պատկերացնում, որ ինքը չկա, մինչև հիմա ես ինքս չեմ կարողանում համոզվել, չեմ կարողանում հաշտվել»։

Օլյան թոշակառու լինելով այսօր էլ շարունակում է աշխատել՝ մաքրություն է անում, ասում է՝ այդպես գոնե կարողանում է օգնել տղայի ընտանիքին․ «Ես ամուսին եմ կորցրել, տարել եմ, գիտեմ՝ էդ ինչ ա, չեմ ուզում հարսս էդ դժվարությունը քաշի, չեղածից էլ տալիս եմ, թոշակս եմ տալիս, որ օգնեմ»,- ասում է 65-ամյա կինը:

Պատերազմի հետևանքով ուրախություն ու երջանկություն չտեսած Օլյան ապրում է թոռների ու մյուս երեխաների համար, աշխատանքն էլ մի քիչ կտրում է ցավոտ ու դառնագին մտքերից։

Օլյան ասում է՝ վախով է ապրում Արցախում, վերջին պատերազմից հետո լավ բան չի սպասում․ «Ես որ նայում եմ, էս վիճակը տեսնում եմ, ես էստեղ՝ Արցախում, ապագա չեմ տեսնում, ըսկի գնալու տեղ էլ չունեմ։ Մենք ամսի 27-ի առավոտ որ տեսանք՝ միանգամից ոնց սկսվեց, մեր մոտ վախ կա, ամեն առավոտ սրիկաները կարող ա նորից սկսեն»,- հոգոց հանելով ասում է Օլյան։