Ահաբեկչությունը կանխած 51-ամյա ՀԱՅ դասախոս, ով ներառվել է Ֆրանսիայի հերոսների ցանկում. ո՞վ է նա և ի՞նչ է արել
2015-ին Սորբոնի 51-ամյա դասախոս Մարկ Մուղալյանի անունը ներառվել է Ֆրանսիայի հերոսների ցանկում։ Այն ժամանակ նրա քույրը՝ Ջուլիան, The Telegraph-ին պատմել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մուղալյանին հրավիրել էր ընթրիքի այն բանից հետո, երբ նա ապաքինվի։
Մարկ Մուղալյանը Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած ահաբեկչությանը միջամտած առաջին ուղևորն էր։ Նրան հաջողվել է զինաթափել Մարոկկոյի 25-ամյա քաղաքացի Այուբ Էլ Խազանիին, ով հասցրել էր կրակ բացել և վիրավորել մեկ ուղևորի:

Յուլիա Մուղալյանը հայտնել էր, որ իր եղբայրը վիրավորվել է պարանոցից, ինչպես նաև վիրավորվել է ձախ ձեռքի շրջանում: Առողջական վիճակից ելնելով՝ պարոն Մուղալյանը չէր կարողացել ներկա գտնվել Ֆրանսիայի նախագահի կողմից պարգևատրման արարողությանը: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պարոն Մուղալյանին կպարգևատրի պատվավոր լեգեոնով, Ֆրանսիայի բարձրագույն պարգևով, երբ նա ապաքինվի:
Ինչպես հաղորդում Է France 24-ը, պարգևատրելով գնացքի մյուս ուղևորներին՝ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ նրանք կարողացել են ցուցադրել դիմադրության ողջ հզորությունը. «Դուք նաև արիության դաս եք տվել, — ասել Է Ֆրանսուա Օլանդը, — ամբողջ աշխարհը հիանում է ձեր խիզախությամբ, մտքով և համերաշխության ոգով: Դա շատերի համար պետք է դառնա օրինակ, ոգեշնչման աղբյուր»։

Այուբ Էլ Խազզանիի ձերբակալությունից հետո նրա փաստաբանը հայտարարել է, որ էլ Խազանին հերքում է որևէ ահաբեկչական հարձակում, փոխարենը պնդելով, որ իր միակ նպատակը ուղևորներին կողոպտելն էր: Էլ Խազանիի հայրը նաև ասել է, որ իրեն հայտնի չեն իր որդու արարքի պատճառները: