«Շատերն ասում են՝ Սաքը ձեր մինուճարն էր, ինչի՞ տարան: Ես չգիտեմ, էդ էլ թողում եմ տանողների խղճին». Անահիտը չի կարողանում համակերպվել միակ որդու՝ Սարգսի կորստի հետ
Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց Թոմբուլյանների տան արևը՝ ընտանիքի մինուճար զավակին՝ 19-ամյա Սարգիս Թոմբուլյանին։ 39-ամյա Անահիտ Սահակյանն ասում է՝ որդին իր թուլությունն էր, իր կյանքի միակ իմաստը, որին սիրում էր հիվանդագին սիրով, աշխարհում ամեն ինչից առավել։
«Ես Սաքիս մենակ եմ մեծացրել, ամուսինս էլ մահացել ա, երբ Սաքը 14 տարեկան էր։ Տղես էգոիստ չէր, չնայած մեր մինուճարն էր։ Անսահման բարի, յուրահատուկ ու խելացի տղա էր, շատ էր սիրում կարդալ, իրան բանակում էլ շատ գրքեր էի ուղարկում, անակնկալ էի անում, գրքերի վրա գրում էի՝ բարի լույս, շարքայի՛ն Թոմբուլյան»,- պատմում է մայրն ու հավելում՝ Սարգիսը շատ-շատ էր խոսում ու հատկապես իր գրքերից։

Սարգիսը կռվել է Հաթերքի, Ասկերանի, իսկ նոյեմբերի 1-ից ՝ Կարմիր Շուկայի շրջանում, որտեղ թեժ են մարտեր են ընթացել։ Զոհվել է նոյեմբերի 9-ին՝ հրադադարից ժամեր անց։
«Ինքը եղել ա ականանետի հաշվարկող, հետո ականանետի նշանառու ա դարձել, երբ դրա կարիքը արդեն եղել ա։ Նոյեմբերի 9-ին իմացել են, որ արդեն հրադադար ա, իրանց զենքի մոտ գտնվող շելի [ճեղքի] մոտ կանգնած խոսել են, հետո արդեն շատ ուշ ա եղել, ուզել են հանգստանալ:
Մինչ էդ Սաքը հանգստի ժամին ուրիշ շելում էր հանգստանում, էդ շելի տղեն ասել ա՝ Սա՛ք, չես գալի՞ս, ասել ա՝ չէ՛, չեմ գալիս, ստեղ եմ էսօր մնալու։ Ոչ ոք չի գնացել էդ շել, էդ տղան ա մենակ գնացել, երկու ժամ հետո ավիառումբը Սաքենց շելի վրա են քցել, հողը փլվել ա, իրանք մնացել են հողի տակ, հետո եկել են օգնություն ցույց տալու, երկրորդ հարվածն ա եղել, իսկ հաջորդ օրը Սաքս արդեն ստեղ ա եղել…

Երբ որ իմացանք, որ հրադադար ա, ես աշխատանքի էի գնում, գործիս տեղն ասեցին՝ հրադադար ա, հեսա տղեդ կզանգի, բայց ժամը ժամից անցնում էր, Սաքն անհասանելի էր… Նամակ էի գրում, տեղ էր հասնում, զանգում էի, էլի անհասանելի էր ցույց տալիս։
Վայ էդ աշխատելուն, որ էդ օրն աշխատեցի, եկա տուն ու պառկեցի, իսկ առավոտը արթնացա հեռախոսի ծնգոցից՝ նամակն էլի հասել էր, բայց հեռախոսն անհասանելի էր։ Չէի կարողանում հաց ուտեի, կոկորդիս էր կանգնում, ուզում էի Սաքիս ձենը լսեի, մեր տունն էլ անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, գիտեին, որ հրադադար ա, ուզում էին իմանային՝ ոնց ա Սաքը։

Իրիկվա ժամին մի ծանոթ կին եկավ մեր տուն, մերոնք էին իրան ուղարկել, մինչև հասնեին, բոլորն արդեն գիտեին, որ Սաքս էլ չկար։ Երևի մի ժամ էդ կինը մեր տունն էր, դուրս էր հելնում, ներս էր մտնում, այնինչ պայմանավորվում էին, որ շտապօգնությունով գային։
Հետո արդեն մութ էր, դուռը որ ծեծեցին, ես միանգամից բացեցի, մորքուրս էր կանգնած, շտապօգնության բժիշկներն էին, ոստիկաններն էլ կային։ Որ տեսա, արդեն պատկերացրի, թե ինչ լուր եմ լսելու, ու էդ եղավ կյանքիս ամենադաժան օրը․․․»- ասում է մայրն ու հավելում՝ Սաքն իրենց տան ծաղիկն էր։
«Հիմա որ իրա մասին պատմում եմ, մտածում եմ՝ Սաքս կասեր՝ մա՛մ, ինչի՞ ես էդքան իմ մասին պատմում․․․ կյանքը փոխվել ա իրանից հետո։ Սկսել եմ հոգեբանություն ուսումնասիրել, ուզում եմ իմանամ՝ ինչի՞ սենց եղավ։ Մենք ընկերներ էինք, ես իրա առաջին գաղտնիք իմացողն էի, մի օր ինձ բանակից գրել էր՝ մամա՛, ես քո նման լավ ծնող կդառնա՞մ, ասեցի՝ դու ավելի կատարելագործված ծնող կլինես, ախպե՛րս․․․ մեռնեմ ջանին։
Ես իրան սիրել եմ հիվանդագին, Սաքս իմ թուլությունն էր, իրանից հետո ես չեմ ապրում, շնչում եմ։ Մեկ-մեկ ասում էր՝ մա՛մ, կլինի՞ մի քիչ քո համար ապրես, ինքը գիտեր, որ ես մենակ իրան ունեմ։ Շատերն ասում են՝ Սաքը ձեր մինուճարն էր, ինչի՞ տարան․․․ ես չգիտեմ, էդ էլ թողում եմ տանողների խղճին»,- ասում է մայրն ու հուզվում։