Ինչու՞ էին այս ՀԱՅԻՆ անվանում «պարսկական ջազի Սուլթան», և ինչպե՞ս նա հյուրընկալեց հայտնի The Beatles-ի երաժիշտներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1968 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հնդկաստան էին ժամանել հայտնի բրիտանական The Beatles խմբի երաժիշտները՝ ոգեշնչված Արևելյան փիլիսոփայությամբ և երաժշտությամբ։ Փոլ Մաքքարթնիին ուղեկցում էր դերասանուհի Ջեյն Աշերը, որի հետ նա այդ ժամանակ նշանադրված էր։ Հնդկաստանից Անգլիա վերադառնալու ճանապարհին Փոլը և Ջեյնը որոշեցին մի քանի օր մնալ Թեհրանում։

Այս փաստը քչերին է հայտնի, քանի որ գրված էր միայն Ջեյն Աշերի անձնական բլոգում, որտեղ նա նաև հրապարակել էր երկու լուսանկար այս ուղևորությունից: Բրիտանացի դերասանուհին գրում է, որ լուսանկարներն արվել են Թեհրանում 1968 թվականի մարտի վերջին։ Դրանցից մեկը իրանական ամսագրերից մեկի շապիկն է, որտեղ ներկայացված են Թեհրան այցելող Փոլի և Ջեյնի առանձին լուսանկարները:

Այս կարճ մասնավոր այցի շրջանակներում Փոլ Մաքքարթնին ցանկություն հայտնեց հանդիպել տեղի հայտնի փոփ երաժիշտների հետ: Հենց այդպես էլ նա ծանոթացավ Վիգեն Տերտերյանի (Փոլ Մաքքարթնիի աջ կողմում նստած տղամարդու) հետ, ով Փոլ Մաքքարթնիին հրավիրել էր Իրանի իր տուն։

Paul McCartney and Vigen Terterian - The Story of a Photo - Art-A-Tsolum
Հանդիպումը կայացել է, ինչի մասին վկայում է Աշերի Լուսանկարը։ Լուսանկարում պատկերված է Փոլ Մաքքարթնին՝ Վիգենի տանը նարգիլե ծխելիս, իսկ նրա կողքին՝ փոփ-կիթառահար Վիգեն Տերտերյանը։

Իրանահայ երգիչ, երգահան, կիթառահար և դերասան Վիգեն Տերտերյանը եղել է Իրանում 1960-ականների և 1970-ականների ամենահայտնի և սիրված փոփ աստղերից մեկը։ Ժամանակակիցները նրան անվանում էին «փոփ Սուլթան» կամ «պարսկական ջազի Սուլթան»։ Վիգեն Տերտերյանն իր ստեղծագործությունները կատարել է հիմնականում պարսկերենով, բայց երգել է նաև հայերեն և անգլերեն լեզուներով:

1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, նա լքեց Իրանը և բնակություն հաստատեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որտեղ նա մնաց մինչև իր օրերի վերջը։

Վիգեն Տերտերյանը մահացել է 2003 թվականին 74 տարեկանում։