Ո՞վ է սուլթան Համիդի ունեցվածքի պահապան հայ փաշան


Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդին շատերը գիտեն, և հատկապես հայերը, քանի որ վերջինս հայտի է իր հակահայ քաղաքականությամբ և հեղինակն է հայկական ջարդերի, որոնք հետագայում ստացան իրենց անունը հենց կազմակերպչի անունից՝ Համիդյան ջարդեր։

 Վերջերս, սակայն, պարզվեց, որ Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինողը եղել է հայազգի Հակոբ Գազազյան փաշան։

Թե ով է նա, առանձնապես հայտնի չէ։ Որոշ չափով պարզ է նրա գործունեությունը միայն։ Համաձայն թուրքական աղբյուրների՝ Հակոբ Գազազյանի մշակած բարենորոգման ծրագրով օսմանյան փադիշահի անձնական գանձարանը, որը սնանկացման եզրին էր հասել և կուտակել էր 370 հազար լիրա պարտք, արմատապես բարեփոխվել է՝ վերածվելով նախարարության։ Հակոբ Գազազյանի ծրագրի շնորհիվ է, որ մեկ տարվա ընթացքում սուլթան Համիդի եկամուտներն աճել են ոչ ավել-ոչ պակաս 30 անգամ։

Այս ծրագրի համար էլ Համիդը Գազազյանին շնորհել է փաշայի տիտղոս, որն այդ ժամանակ ոչ բոլորին էր շնորհվում։ Համիդը շատ շնորհակալ էր Գազազյանին անգամ գահընկեց արվելուց հետո։

Հակոբ փաշայի մահվանից հետո սուլթան Աբդուլ Համիդն իր անձնական կարողության կառավարումը վստահել է կրկին հայի։ Այս անգամ հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Միքայել Փորթաքալ փաշան է շարունակել տնօրինման աշխատանքները։