Ի՞նչ ծանր հանցանքի մեջ էին մեղադրում Խրիմյան Հայրիկին
Խրիմյան Հայրիկը 1895 թվականին ձեռնարկում է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումը: Դրանից 15 տարի անց՝ 1910 թվականին, հայտնի գրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը վրդովմունքով արձանագրում է, թե տաճարի զարդերն ու նկարները Խրիմյան Հայրիկը «քանդած ու փչացուցած է անհավատալի վանդալությամբ՝ անհասկանալի քմայքը գոհացնելով»: Չոպանյանն ասում է, որ տաճարից հաջողվել էր փրկել միայն գմբեթի որմնանկարները, այն էլ՝ Պետերբուրգի հնագիտական ընկերության մասնագետների միջամտությունից հետո, իսկ եկեղեցում կախված գեղանկարչական աշխատանքներին դուրս էին բերվել և ուղարկվել էին տարբեր գյուղերի եկեղեցիներ:

«Կաթողիկոսի գահակալության օրոք շարունակվում են Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները: Նա մի շարք կարգադրություններ է կատարում Տաճարի վերանորոգման աշխատանքները սկսելու համար: Սակայն, ինչ-ինչ պատճառներով, Հայրիկի նպատակադրվածությունը կյանքի չի կոչվում, իսկ սկսված աշխատանքներն էլ մնում են անավարտ»: Զարմանալին այս պատմության մեջ մեկ այլ բան է: Խոսքը Խրիմյան Հայրիկի հասցեին հնչող ծանր մեղադրանքների մասին է:
Մասնավորապես, կաթողիկոսն ամբաստանվում է այն բանի համար, որ նրա ձեռնարկումների արդյունքում զոհաբերվել են թանկագին մշակութային արժեքներ, մեծ վնաս է հասցվել Մայր տաճարի ներքին հարդարմանը, անհետ կորել են գեղարվեստական գործեր: Բայց որքանո՞վ են հիմնավոր ու փաստարկված նման պարսավանքները: Դատենք՝ ըստ իրադարձությունների հաջորդականության: