Կոտայքի մարզում գտնվող այս եկեղեցին իր մեջ յուրահատկություն ունի․ եղե՞լ եք այս վանքում և գիտե՞ք, թե ինչի մասին է խոսքը

6-7-րդ դարերի այս վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Կարենիս գյուղում։ Կարենիսի վանական համալիրից պահպանվել է եկեղեցին և գավիթը։ Բակում գտնվում են մի քանի տապանաքարեր և խաչքարեր։ Եկեղեցին և գավիթը գտնվում են կիսավեր վիճակում։

Եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, չափերը մեծ չեն։ Կարենիսի վանքի եկեղեցին չունի զարդաքանդակներ։ Նրա արտաքին ճակատները զուսպ են և լուծված առանց հարդարանքի։ Նույնիսկ հարավային մուտքը ոչնչով չի շեշտվում։ Միակ ճարտարապետական լուծումներ ունեցող կտորը հարավային լուսամուտի երեսակալն է։

Կարենիսի վանքի ճարտարապետական ընդհանուր հորինվածքի ուշագրավ առանձնահատկություններից է եկեղեցու ներսում ստորգետնյա դամբարանի առկայությունը, որտեղ ըստ հիշատակության գտնվել են առաքյալների մասունքները։ Ներկայումս դամբարանը իրենից ներկայացնում է սովորական խորշ, որի ներսում գտնվում է խաչքար։ Հավատացյալների կողմից այդ խաչքարը օգտագործվում է որպես սուրբ քար, որի վրա էլ վառում են իրենց մոմերը առաքյալներից խնդրելով Աստծո ներողամտությունը իրենց կողմից կատարված մեղքերի համար։ Դամբարանից առաքյալների մասունքները 19-րդ դարի վերջում տեղափոխվել է Մայր Աթոռ։

Այս վանքը, ինչպես շատ այլ վանքեր, ունի մի քանի անվանումներ։ Տարբեր պատմիչներ վանքը անվանում են տարբեր անուններով՝ Կարենիսի, Առաքելոց, Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, Մաթևոս ավետարանիչի և Անդրեյ առաքյալին նվիրված վանք և այլն։ Ըստ Շահխաթունյացի, այն Կարենիս է կոչվում, քանի որ մոտակա Գյումուշ գյուղը նախկինում Կարենիս է կոչվել։