Սեդվու Սուրբ Նշան եկեղեցին ևս տարբերվում է մյուս հայկական եկեղեցիներից․ ահա թե ինչո՞վ

Սեդվու վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Համալիրից պահպանվել են միայն Սուրբ Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդները:

Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է XIII դարում։ Ուղղանկյուն, միանավ դահլիճ է՝ կիսագլանաձև թաղով ծածկված, երեք զույգ որմնասյուներով և թաղակիր կամարներով: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զգալիորեն առաջ ընկած ցածրադիր բեմով: Ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում։ Եկեղեցին կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով, որով էլ առանձնանում է մնացած եկեղեցիներից, քանի որ ոչ միշտ էր եկեղեցին կառուցվում կապույտ բազալտից։

Եկեղեցու հյուսիսային պատին կից հետագայում կառուցվել է մատուռ, որի միակ մուտքը բացվում է դեպի եկեղեցի։ Մատուռն ունի միալանջ կտուր, որը եկեղեցու կտուրի հյուսիսային լանջի շարունակությունն է կազմում։ Մատուռը նույնպես կառուցվել է XIII դարում։

Վանքը շրջապատված է եղել անկանոն եզրագծերով, կապտավուն բազալտի մեծ քարերով շարված պարսպով, որը հարավային և արևելյան կողմերից ունեցել է երկու կամարակապ դարպաս, իսկ անկյուններում՝ կիսաբոլոր աշտարակներ: Սակայն այսօր մնացել են պարսպի հետքերը: Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ: Ինչպես նաև գտնվել են միջնադարյան գերեզմանոցներ և մեծաթիվ խաչքարեր։
Ցավոք վանքը գտնվում է անմխիթար վիճակում: