«Էսօր դու կդառնայիր 20 տարեկան». Շանթ Նավոյանի ընկերուհու հուզիչ գրառումը ՀԵՐՈՍի տարեդարձի առթիվ

«Էսօր դու կդառնայիր 20 տարեկան… Ամեն ինչ շատ ուրիշ կլիներ, բայց Աստված այլ բան էր նախատեսել բոլորիս համար:Ես էսօր տխուր, հուզիչ, սրտաճմլիկ չեմ շնորհավորելու ծնունդդ՝ անկախ ամեն ինչից. քո ծնունդը բացի ուրախությունից ու օրհնությունից ուրիշ ձև չի կարելի ընկալել:

Թո՜ղ բոլորի ծնունդը էս աշխարհում էնքան իմաստ ունենա, ոնց Քոնը:

Թո՜ղ բոլորն իրենց ծնունդով էնքա՜ն մեծ հետք թողնեն աշխարհի, հայրենիքի, մարդկության վրա, ոնց Դու:

Թո՜ղ բոլորը ծնվեն ու ապրեն էս կյանքն էնքա՜ն լիաթոք, ոնց Դու:

Թո՜ղ բոլորը ծնվեն ու դառնան լավ մարդ, լավ քաղաքացի, լավ որդի, լավ եղբայր, լավ թոռ, լավ զարմիկ, լավ ընկեր, լավ աշակերտ, լավ ուսանող, լավ աշխատակից, լավ զինվոր, լավ կողակից ու ԿԵՍ, ոնց Դու:

Քո ծնունդը Աստծու նվերնա եղել էս աշխարհիկ, հողեղեն ու նյութական մարդկանց ու աշխարհին:

Քո ծնունդով փոխվելա իմ, մեր, բոլորիս ծնունդը ու կյանքը, որովհետև Դու Մարդ-Հեղաշրջում ես բոլորիս համար:

Դու էակ ես, ում ճանաչելուց հետո կյանքը բաժանվումա 2 մասի՝ Շանթին հանդիպելուց առաջ ու հետո: Իսկ հիմա, որքան էլ, որ թվումա անՇանթ ենք մնացել, Քո տվածն էնքա՜ն շատա, էնքա՜ն արժեքավոր ու կարևորա, որ երբեք չես զատվի մեզնից:

Շնորհակալության համարա Քո ծնունդը…

Որ ասեմ, թե ինչքա՜ն երջանիկ եմ, որ ես եմ եղել Քո միակը, Քո աղջիկը, Քո Էլենչիկը…

Որ վայելել եմ Քո անմնացորդ նվիրվածությունը, հոգատարությունը, սերը, հարգանքը…

Որ ասեմ, մեր միասին անցկացրած տարիները մի քանի կյանքից էլ թանկ են ինձ համար:

Որ ասեմ, ինչքա՜ն էմոցիաներ, տխուր-ուրախ պահեր, հուշեր, զգացմունքներ ու հիշողություններ ես ինձ նվիրել, Շանթ…

Շնորհակալ եմ, որ ծնվել ես, որ ապրել ես, որ սիրել ես, որ սիրել եմ…

Հ.Գ. « Իրականում ես մի հատ պուճուր բիծ եմ էս մեծ մոլորակի վրա, որ չի նկատվում հեռադիտակով: Ինձ շրջապատողների ուղեղները շատ զբաղված են ինձ նկատելու համար»:

Մեկ էլ ուզում եմ ծնունդիդ օրով էս գրածդ հերքեմ, Շա՜նթ:

Դու էնքա՜ն մեծ էիր, որ մոլորակի փոքրությունը չհերիքեց Քեզ, Քո մեծությանը, Քո անսահմանությանը,Քո մտքի թռիչքին … Դու հաղթել ես էս կյանքը, որովհետև հիմա շրջապատողների ուղեղները, սրտերը, մտքերը զբաղված են միայն Քեզնով, Քո խոհերով, Քո տաղանդով, Քո իմաստությամբ, Քո տեսակով, Քո տիեզերքով, Քո ապրած ու չապրած տարիներով, Քո ծնունդով ու Քո հավերժի ճանապարհով:

Դու իմ սրտում եղել ես, կաս ու կմնաս ՄԻՇՏ:

Շնորհավո՜ր ծնունդդ, իմ հոգու ամենահավատարի՛մ Ընկեր: