Առինջի հոգևոր հարստությունը՝ Ձագավանք կամ Գետարգելի Սուրբ Նշան վանք

Ձագավանքը կամ Գետարգելի Սուրբ Նշան վանքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Առինջ գյուղի արևելքում՝ Գետարգել գյուղից հարավ։

7-րդ դարի այս վանական համալիրը նշանավոր կրոնական կենտրոն և հայտնի ուխտատեղի է դարձել, երբ 1293-ին Գրիգոր Է Անավարզեցին վանքին նվիրել է Գետարգելի Ս. Նշանը՝ Ս. Գրիգոր Լուսավորչին տված Քրիստոսի խաչափայտի մասունքը, որով, ըստ ավանդության, Պետրոս Ա Գետադարձը 1022-ին, Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ի ներկայությամբ, Ջրօրհնեքի տոնին քաղաքի միջով անցնող գետը կանգնեցրել է։ Ահա այստեղից էլ առաջացել է Գետարգել անվանումը։

Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, զանգակատնից, պարսպից, բնակելի խցերից և այլ նշանակության շինությունների ավերակներից։ Ձագավանքն ավերվել է 1679-ի երկրաշարժից՝ մնալով, սակայն, մինչև XX դ.՝ որպես գործող վանք։ Վանքը այժմ վերականգնեցված է, սակայն վերականգման աշխատանքների ժամանակ շինարարները չեն օգտագործել հին վանքի քարերը, որոնք պիտանի էին օգտագործման համար, այդ պատճառով էլ վանքը կորցրել է մինչև ավերվելը ունեցած գեղեցկությունն և արժեքը։

Վանքի համալիրի տարածքում վերականգնումից հետո ստեղծվել է հատուկ «բակ» խաչքարերի համար։ Այնտեղի պատերին հենված իրար կողք-կողքի շարված են խաչքարերի բեկորներ, ինչպես նաև հին վանքի ավերակներից պահպանված արձանագիր քարեր։

Ամեն տարի Զատիկին հաջորդող կիրակին «վանքի ուխտի օրն» է։