Նոր բացահայտումներ։ Ջեմալի աղջիկը Շվեյցարիայում բուժում է ստացել հայերից խլված միջոցների հաշվին

Զարմանլաի չէ, որ թուրքերը միշտ էլ ապրել են հայերի հաշվին, բայց որ նման կերպ ուղղակի խոսքեր չկա։

Հայոց ցեղասպանության ոճրագործներից Ջեմալի աղջիկը Շվեյցարիայում բուժում է ստացել հայերից խլված միջոցների հաշվին, իսկ թոռը՝ Հասան Ջեմալը, որը նաև Հայաստանում է եղել և ընդունում է Հայոց ցեղասպանությունը, ծնվել է հայ մեծահարուստից առգրավված տանը։

Հայոց ցեղասպանությունը մտահղացած և իրականացրած թուրք ոճրագործները մինչև այսօր Թուրքիայում պետական, քաղաքական, իրավական մակարդակով հերոսացվում են։ Նույնիսկ գործող օրենք կա, որով ոճրագործներն ազգային հերոսներ են ճանաչված, իսկ նրանց սերունդները մի շարք առավելություններից են օգտվում։

1919 թվականին դատավարության ժամանակ, իբրև թե Թուրքիան որոշել էր պատժել պատերազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու էին հայերի զանգվածային տեղահանության ու կոտորածների համար։

Այսպիսով, Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածի ամբողջ պատասխանատվությունը «գցվում էր» զուտ առանձին մարդկանց վրա և Թուրքիայի՝ որպես պետության պատասխանատվությունը դուրս էր մնում քննարկումից։

1921 թ.-ին Թուրքիայի Ազգային ժողովը Թալեաթին և մյուսներին արդեն հռչակել էր ազգային հերոսներ ու ազգային նահատակներ։

Ոճրագործներին հերոսացնելու թուրքական պետական համակարգի այս գործելակերպն անցյալում չի մնացել, սա շարունակական է, որի ապացույցները տարբեր տարիների ու տարբեր իշխանությունների օրոք կարելի է գտնել։ Օրինակ`  1943թ.-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի լարված օրերին, նախագահ Ինոնյուն նախաձեռնել էր Գերմանիայում թաղված Թալեաթի վերահուղարկավորումը Թուրքիայում, ընդ որում, թաղումն արվել էր պետական արարողակարգի համաձայն։ Դրանից տարիներ անց էլ՝ 1996թ.-ին, նախագահ Սուլեյման Դեմիրեյը մեծ ջանքեր էր գործադրել Միջին Ասիայից Էնվեր փաշայի աճյունի տեղափոխումն ու վերահուղարկավորումը կազմակերպելու համար: Ոճրագործի թաղման ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, նաև Աբդուլլահ Գյուլը: