Մի կտոր Բակունցի բանտային կյանքից. Ինչու՞մ էր նա մեղադրվում, ի՞նչպես էին օրերն անցնում բանտում

Կալանավորներից մեկին ՝ 1937թ. փետրվարի 22-ին  կանչեցին հայկական պետական անվտանգության կոմիտե, կալանավորեցին:  Նա պատմում է.

-Խուզարկելուց հետո տարան ու հրեցին ներքնահարկի նկուղներից մեկը՝ կարծեմ 21 կամերան, ուր գտնվում էր գրող Ակսել Բակունցը: Դուռը զրնգալով իջավ վրաս, բանալին պտտվեց ու վերջ…

Կամերայի լույսն աղոտ էր, մեռելային ու ճնշող: Զգացվում էր գաղջ բույր: Մարդկանցից շատերը անտարբեր եղան իմ նկատմամբ: Նրանցից առաջինը գունեղ վերմակի տակից գլուխը վեր բարձրացնողն ու ինձ նայողը Ա. Բակունցն էր. 5 օր առաջ մենախցից էին տեղափոխել այդ կամերան. մենախցում արդեն նստել էր 9 ամիս: Այստեղ նա համեմատաբար իրեն թեթև էր զգում, որ գտնվում է մարդկանց մեջ և, հետևաբար, աշխարհում:

Նա մեղմ շշնջաց. «Մոտ արի, նստիր այստեղ՝ կողքիս»: Խոսում էր նվաղած: Նրա դեմքը գունատ էր, ինչպես արև չտեսած բույս, բայց աչքերը առկայծում էին: Իմ շփոթվածությունը նկատելով՝ ճիգով ժպտաց: Այդ գիշերը ինձ երեք անգամ վերուվար տարան քննության համար: Բակունցն ինձ նախապես զգուշացրեց. «Գիտեմ՝ դու ևս անմեղ ես, բայց ուրիշ անմեղների անուն չտաս, իմացիր, որ շատերը այդ ճանապարհով անմեղ զոհեր են դարձել»: Առավոտյան կես շերեփի չափ վարսակի կաշ ու 400-500 գրամ տարեկանի հաց տվեցին ամեն մեկիս. դա մեր օրվա սնունդն էր:

Բակունցի նախնական քննությունն ավարտված էր, սպասում էր: Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ տեռոր իրականացնելու նպատակով: Նա ասաց, որ իր վրա դրված է եղել մեղադրական 4 հոդված, որոնցից ամեն մեկը նախատեսում է մահապատիժ, և երնեկ էր տալիս ինձ, որ իմ հոդվածը թեթև է, և ես կապրեմ: Բակունցը օրեցօր սպասում էր, որ շուտով իրեն կկանչեն դատարան, և կիրականացվի մահապատիժը: Ցավով էր հիշում, որ իր ուղեղը ցամաքում է առանց կարդալու և գրելու: Նրա մեծ տառապանքը գրելու հնարավորությունից զրկվելն էր: Նա ապրում էր դառն ողբերգություն, երբ զգում էր, որ բանտերն օրեցօր լցվում են մարդկանցով: Կալանքից առաջ չգիտեմ՝ Բակունցն ինչպիսին է եղել, բայց այդ ժամանակ շատ դյուրագրգիռ էր, վերին աստիճանի ջղագար: Հաճախ դուռը ծեծում էր, երբ հսկիչը դռան նեղանցքը բացում էր, նա պահանջում էր թարմ ջուր, բայց հսկիչը հեգնանքով ասում էր. «Տեղդ նստիր, այստեղ քեզ համար սանատորիա չէ»: Այդպիսի պատասխաններից շատ էր տանջվում:

Օրական երկու անգամ մեզ տանում էին զուգարան, բայց մի քանի րոպեով: Բակունցի տրամադրությունն այդ ժամաանկ մի թեթև բարձրանում էր: Հափշտակված մոտենում էր ջրի ծորակին լվացվում, գլուխը թեքում ծորակի տակ ու լսում ջրի ձայնը. չէ՞ որ բնության հազարերանգ երևույթներից միայն ջրի նվաղ գլգլոցն էր մուտք գործել բանտ: Նա անզուսպ կերպով կարոտում էր բնությունը: Այդ պահին, ինչպես հաճախ, երևակայությամբ թռչում էր դեպի բնությունը և երբեմն էլ բացականչում:

Հետաքրքրվեց Չարենցով, ասացի, որ Չարենցի մասին թերթերում լռություն է: Խոր ախ քաշեց: Սիրում էր Չարենցին անչափելիորեն, կախարդված էր նրա պոետական թափով, հոգու անսահման ուժով, մաքառումների ձիրքով..

1937թ. կարծեմ ապրիլի 3-ն էր, Բակունցին կանչեցին քննիչի մոտ: Վերադարձին շատ հուզված էր ու մռայլ: Քննիչը նրան կարդացել էր մեղադրական եզրակացությունը և պահանջել ստորագրել: Ամբողջ գիշեր չքնեց: Բոսորացավ քիչ առաջ նրա նիհար ու գունատ դեմքը, և սկսեց իրեն խոսել. «Ես ներկայացրել եմ մի քանի տասնյակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրված իմ սիրտն ու հոգին, իմ կարոտն ու տենչանքը, իմ տառապանքն ու հույսը: Եվ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր…»:

Ծանր օր էր 1937 թվի ապրիլի 30-ը: Ինձ հայտնեցին շտապ հավաքել «իրերը» և դուրս գալ: Այդ լուրը տագնապ առաջացրեց Բակունցի սրտում: Նա մոտեցավ ինձ՝ մի բան ասելու: Գրկեցինք իրար: Մեր սրտերի զարկերը լսվում էին ժամացույցի տկտկոցի պես: Լուռ էինք, այդ լռությունը բարձր էր ամեն խոսքից: Նա խուփ աչքերով գլուխը հենեց իմ կրծքին. իր ներքին աշխարհի հետ էր:

_ Աշխարհին ասեք,_ զրնգաց Բակունցի առնական ձայնը,_ որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն…

Դուրս եկա կամերայից: Փակ դռան ետևում մնաց Բակունցը: Նա մի քանի անգամ ներսից հարվածեց դռանը: Կամերաներից հավաքած մի խումբ մարդկանց հետ… իջանք բանտի դարպասի առաջ: Նստեցինք պարսպի տակ, մինչև մեզ տեղավորելը: Հանկարծ մեզանից մի քանիսը գոչեցին՝ Չարենցը՜, Չարենցը՜, տեսե՜ք: Այո՛, Չարենցն էր: Մի քանի քայլ գնալուց հետո կանգ առավ ու ասաց. «Տղաներ, բժշկի մոտ եմ գնում»: Մտածեցի, թե ինչ ապրումներ կունենար Բակունցը, եթե մեզ հետ լիներ ու տեսներ Չարենցին, եթե նրանց հայացքները հանդիպեին միմյանց…