Այս ՀԱՅ արձակագիրը մասնակցել է Ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պայքարին և վիրավորվել․ ճանաչենք Արիս Գրիգորյանին
Հայ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, լրագրող Արիս Արսենի Գրիգորյանը ծնվել է 1959-ի հունիսի 10-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում: Սովորել է տեղի ութամյա եւ Մարտակերտի միջնակարգ-գիշերօթիկ դպրոցներում: Դերձակի մասնագիտություն և միջնակարգ կրթություն է ստացել Դիլիջանի թիվ 12 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում, այնուհետև Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
Խորհրդային բանակում 1978-1980 թվականներին: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մարտակերտի խաղողագործական պետտնտեսությունում, այնուհետեւ տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատել որպես քաղաքային տպարանի գրաշար (1983), Արցախի հեռուստատեսության թղթակից (1988-90, 1996), «Արցախ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի ավագ խմբագիր (1990-93): Արցախյան ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պաքարի մասնակիցներից է, 1990-91-ին Դավիթ Ջրաբերդ կուսակցական ծածկանունով խմբագրել է «Պայքար» (ընդհատակյա) հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը՝ ՀՅԴ ժամանակի միակն խոսնակն Արցախում:
1993-ի սեպտեմբերի 24-ից ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում է, եղել է Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) երկրորդ հրաձգային գումարտակի 4-րդ, իսկ այնուհետեւ՝ 6-րդ վաշտի հրամանատարի տեղակալը:
1993-94-ին մասնակցել է Ջաբրայիլի, Աղդամի, Ֆիզուլու եւ Մարտակերտի շրջաններում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման համար մղված մի շարք ռազմագործողությունների ու պաշտպանական մարտերի: Վիրավորվել է Ֆիզուլու շրջանի Վերին Սեիդահմեդլի գյուղի մերձակա՝ 1994-ի հունվարի 15-ի պաշտպանական մարտում: 1995-ի հուլիսի 1-ից զինվորական ծառայությունը շարունակել է բանակային «Մարտիկ» թերթի խմբագրությունում՝ որպես զինվորական լրագրող: 2009-ի օգոստոսի 1-ից, կապիտանի զինվորական կոչումով, ուղարկվել է պահեստազոր:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարն է:
Գրել սկսել է վեցերորդ դասարանից: 1976 թվականից պագրվում է շրջանային, մարզային եւ հանրապետական մամուլում, գրական հանդեսներում ու ալմանախներում: Հրատարակված 16 գրքերի (չափածո եւ արձակ) հեղինակ է, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան («Լրագրության բնագավառ», 2004) եւ Արցախի ժուռնալիստների միության («Զինվորական թեմաներով լավագույն հրապարակումների համար», 2005) ամենամյա մրցանակների դափնեկիր:
Արցախի լրագրողների միության վարչության, Հայաստանի եւ Արցախի գրողների միությունների անդամ է (1990-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ):
Պարգեւատրվել է ԼՂՀ «Մայրություն» հիմնադրամի «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» եւ ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալներով, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ պաշտպանության բանակի, մի շարք այլ պատվոգրերով ու կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի չորս երեխա, երկու թոռ: