Երբևէ լսե՞լ եք Ցախաց քար վանքի մասին․ եկեք միասին բացահայտենք այս վանքը

Վանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից 6-7 կմ հեռավորության վրա։ Համալիրը հայտնի է Ցաղաց քար, Ցախաց քար, Աստվածածնի անապատ, Արեգունու Սուրբ Գրիգոր, Սուրբ Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար անվանումներով։

Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում ՝Բագրատունյաց թագավորության շրջանում։

Վանական համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը կառուցված են բազալտից և դասավորված են արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Եկեղեցու հարավում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։
Այս խումբ կառույցներից արևելք համալիրի արևելյան խումբ շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041 թվականին Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։

Հուշարձանախմբի հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Սուրրբ Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Առանձնակի շեշտված է միակ՝ հարավային շքամուտքը, որի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել խոյը ճիրաններում թևատարած արծվի մի պատկերաքանդակ։ Լուսամուտների խորշերի և դեկորատիվ այլ ձևերում ակնհայտ է Սյունիքի ճարտարապետական դպրոցի ավանդական ձևերի կրկնումը։


Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։

Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն և կա վարկած անվան ընտրության հետ, որը կապ ունի ծաղկած քար անվան հետ։