Երևանը, որ արդեն չկա. «ղանթար» շուկայի մասին

Հին Երևանից մինչև այսօր կանգուն մնացած շինություններից մնացել են շատ քչերը: Դրանք կարելի է մատների վրա հաշվել: Երևանի՝ արդեն գոյություն չունեցող, բայց երբեմն յուրահատուկ կառույցներից մեկն է եղել Երևանի շուկան, որը հայտնի է եղել նաև ՙՙղանթար՚՚ անունով: ՙՙՂանթար՚՚ բառը արաբերեն է, այդ բառով են կոչել այն մեծ կշեռքը, որը դրված է եղել շուկայի ներսում:

Այս շուկան նաև կոչվել է ՙՙչարսու՚՚: Այն գտնվում էր ներկայիս Մանկական այգու տարածքում՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Լուսավորիչ, Զաքյան և Բեյրութի փողոցների միջև։ Շուկան մոտ է եղել «Կապույտ» մզկիթին և Սուրբ Սարգիս եկեղեցուն։ Շուկայից ճանապարհները ձգվել են դեպի կրոնական այդ երկու կառույցները։ Երբ թերթում ենք ու կարդում 18-19-րդ դարերի հիշատակությունները շուկայի մասին, գրեթե բոլորի մոտ հանդիպում ենք այն տեսակետին, որ «Ղանթար»-ը նման էր արևելյան շուկայի։