«ԽՈՍՈՂԸ ՉԳԻՏԻ, ԻՄԱՑՈՂԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ…». ՀԵՐՈՍ Շանթ Նավոյանի գիրքը պատմում է նրա ապրումների մասին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 14-ին արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Շանթ Նավոյանի ծննդյան օրն է, ինչի առիթով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Ն. Ստեփանյան փողոցում գործող «Էլիտա» դպրոցում մեծարման օր էր. դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց լեգենդար հայորդու անունով։ 

Դասասենյակում դպրոցի սաները կենդանի կատարմամբ ներկայացրեցին հերոսի կյանքը, հնչեց նաև նրան նվիրված «Կարոտի նռնենի» երգը, որի հեղինակը սիրված ու ճանաչված երգահան Ավետ Բարսեղյանն է, իսկ երգը կատարում էր սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը։ 

Մեծարման երեկոյից հետո ներկաներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը։ 

Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում։ Կարծես արևի պայծառ լույս լիներ այդ ցուրտ ձմռանը։ Մեծանում էր աշխույժ, խելացի, կարգապահ, ժպտերես։ Վճռական և որոշում կայացնող էր դեռ մանկուց։ Եվ այդպես էլ մեծացավ։ Արագ մեծացավ, իր տարիքից և տարեկիցներից միշտ մի քանի քայլ առաջ էր իր մտածելակերպով։ Դեռ 14 տարին չբոլորած պատանին գրառումներ էր անում, գրում էր իր զգացմունքների, շրջապատի, արդարության և անարդարության մասին, արտահայտում էր մտքեր, որոնք հասանելի և հասկանալի չէին անգամ մեծերին։ 

Սովորել և ավարտել է «Էլիտա» դպրոցը, զբաղվել է կարատեով, հաճախել է «ԹՈՒՄՈ» կենտրոն։ Նա տարված էր կինոյով, երազում էր ռեժիսոր դառնալ և ֆիլմ նկարել։ Զբաղվում էր ֆրիզբիով, ֆրիզբիի ֆեդերացիայի անդամ էր։ 2019թ. ընդունվել էր ՀՖՀՀ-ի ֆակուլտետ, զուգահեռ աշխատում էր UCOM ընկերությունում։ 

2020թ. հունվարի 8-ին, կիսատ թողնելով ուսումը, զորակոչվեց բանակ և անցավ ծառայության Կապանի զորամասում: 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։  

Սեպտեմբերի սկզբից իրենց գունդը գտնվում էր Ջրականում (Ջաբրայիլ): Սեպտեմբերի 25-ից արդեն պատրաստ են եղել մարտական գործողություններին։ Պատերազմի առաջին օրերից Շանթը մասնակցել է մարտական գործողություններին՝ խիզախաբար պայքարելով հակառակորդի դեմ, ցուցաբերելով յուրօրինակ արիություն և քաջություն՝ որպես հրետանավոր:

Զոհվել է հոկտեմբերի 10-ին, անօդաչուի հարվածից: Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ՀՀ Նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 

Շանթը գրել է անգամ պատերազմի օրերին և մեզ փոխանցել իր ապրումներն ու զգացումները՝ թողնելով մեզ ակամայից մի հարուստ ժառանգություն։ Շանթի բոլոր տարիների գրառումները հավաքագրվել են և գիրք է հրատարակվել՝ «ԽՈՍՈՂԸ ՉԳԻՏԻ, ԻՄԱՑՈՂԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ…» խորագրով։ Բացվել է նաև «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը։