Ի՞նչ հրաման էին ստացել տղաները և ո՞ւմ հանդիպեցին նրանք դիրքերում. Պատմում է գերությունից վերադարձած զինվորը

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն մենք դրան համառորեն չէինք հավատում:

Խծաբերդի հայտնի դեպքերից ուղիղ մեկ տարի անց գերությունից վերադարձած Սիսակ Ենգոյանի և մեկ այլ գերու հայր՝ Վանոն պատմել են պատերազմի դրվագներից:

Նոյեմբեր-դեկտեմբերին Խծաբերդ գյուղ տեղափոխված շիրակցի պահեստազորայինները անծանոթ էին տեղանքին և չունեին կապի միջոցներ: Հասնելով դիրքեր կարճ ժամանակ անց՝ նրանք հասկացել են, որ բոլոր կողմերից շրջապատված են ադրբեջանական ուժերով։

geri

Նրանցից 40-ամյա Սիսակ Ենգոյանը նշում է, որ իրենց առջևում Հադրութն էր, որը ադրբեջանցիները գրավել էին դեռ պատերազմի ժամանակ, իսկ թիկունքում՝ Լաչինի շրջանը, որտեղից հայկական ուժերը դուրս էին բերվել դեկտեմբերի 1-ին։ Նրանք դիրքերում եղել են 17 օր, հերթափոխ այդպես էլ չի իրականացվել։ Վերջին օրը նրանք խոսել են հրամանատար Արսեն Ղազարյանի օգնականի հետ և հրահանգ է եղել շուտ իջնել դիրքերից։ Երբ տղաները իջել են, հրամանատարությունը այնտեղ չի եղել, նրանց դիրքերում ադրբեջանցիներ էին։ Նրանք հայտնվել էին շրջափակման մեջ:

Գերեվարումից առաջ Ենգոյանը եղել է հոգեկան ծանր վիճակում: Նա մի ժամ նստել է, մեկ ու կես տուփ ծխախոտ է ծխել, փորձել հասկանալ՝ ինչ անել։ Այդպես էլ չի կարողացել լուծում գտնել։ Ստիպված տղերքի հետ հանձնվել են: Մի քանի ամիս գերության մեջ մնացած Ենգոյանին վիրավորել են պաշտոնյաների այն հայտարարությունները, թե «գերեվարված զինվորները դասալիքներ են»։

geri

«Այստեղ խոսում են, որ մարդիկ նռնակով թող իրենց պայթեցնեն, գիտեք ի՞նչ, ժողովուրդ, ինքնասպանությունը հերոսություն չէ։ Ես էլի այսօր կենդանի եմ ու փորձում եմ իմ ներածին չափով օգնել հայրենիքիս։ Մեր զոհերը վայ թե քիչ են հա՞ ձեզ, մի հատ էլ մենք մեզ նռնակով պայթեցնեինք, մեր շիրիմները թող շատանան»։

Քանի որ պահեստազորայինները չեն կարողացել կապ հաստատել հրամանատարության հետ, սկսել են բանակցել ադրբեջանցիների հետ, որոնք էլ վստահեցրել են, թե նրանց կհանձնեն խաղաղապահներին։ Բայց այդպես խաբել են նրանց, ռուս խաղաղապահների մոտ տանելու փոխարեն տարել են Բաքու։

geri

Պահեստազորայինները 62 հոգով էին, նրանց հետ բանակցելու են եկել ադրբեջանցի հրամանատարները։ Վերջիններս զինաթափել են հայ զինծառայողներին ու տարել Տող գյուղ, այնուհետև՝ Բաքու։ Այնտեղ նրանց պարբերաբար ծեծում էին, սպառնում, որ կսպանեն։ Մի քանի օր մնալուց հետո նրանց այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Երբ գերեվարված անձանց անունները փոխանցել են կազմակերպությանը, ադրբեջանցիների մոտեցումն էլ է փոխվել։

«Մեզ դատեցին Բաքվում, նրանց դատարանը մեզ տվեց վեց ամիս։ Այդ ժամանակ հասկացանք, որ կազատվենք, քանի որ յոթ ամիս է՝ նրանց բանտում էինք»,- պատմում է մեր զրուցակիցը։

Մեկ այլ պահեստազորայինի հայր՝ Վանոն պատմում է, որ որդու հետ գերեվարումից առաջ խոսել է 2020-ի դեկտեմբերի 12-ին։ Այնուհետև կապը կորել է, գնացել է Բերձոր ու կապ հաստատել հրամանատարության հետ, նրան հայտնել են, թե Շիրակի պահեստազորայինները հայկական ուժերի տեսադաշտում են. «Այդ ժամանակ, երբ ինձ վստահեցնում էին, թե բանակցությունների մեջ են, իրականում մեր տղաներն արդեն գերեվարված էին»։

Վանոյի որդին պատերազմի ժամանակ կռվել է Ջրականում (Ջաբրայիլում), իսկ պատերազմից հետո տեղափոխվել Խծաբերդ, որտեղ էլ գերեվարվել է։ Այժմ հայրենիքում է, բուժում է ստանում։