Ո՞վ էր այն հայը, որն անդամակցել էր «Հեղափոխության ասպետներ» -ին, և ո՞րն էր նրանց նպատակը

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո նրա թշնամիները զգալով, որ բացահայտ ճանապարհով չեն կարող վերստին ետ վերցնել իշխանությունը, սկսեցին «գաղտնի պատերազմ» մղել նորաստեղծ սովետական պետության դեմ։ Նրանք ամենուրեք մահափորձեր էին կատարում հեղափոխության ղեկավարների դեմ, կազմակերպում խռովություններ և ապստամբություններ ոչնչացնում ու գողանում սննդի, հագուստի և վառելիքի պաշարները որպեսզի աշխատավորների շրջանում դժգոհություն առաջացնեն սովետական իշխանության հանդեպ։

Հակահեղափոխության ծավալած այդ «գաղտնի պատերազմի» դեմ պայքարելու համար ստեղծվեց համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով որի գլուխ կանգնեց Լենինի զինակից Ֆ. Է. Ձերժինսկին։ Նա իր շուրջը համախմբեց կուսակցության անձնվեր խիզախ ու ազնիվ անդամների, որոնք պատրաստ էին սեփական կյանքը վտանգելով բացահայտել ու վնասազերծել թշնամուն։ «Հեղափոխության ասպետներ» այսպես էին անվանում սովետական չեկիստներին և այդ ասպետներից էր հայ ժողովրդի զավակ Գևորգ Աթարբեկյանը։

Դեռ 16 տարեկան հասակում էր նա զինվորագրվել հեղափոխության գործին։  1920 թվականին, իբրև Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր, Կուբան-Սևծովյան մարզում ղեկավարել է Վրանգելի սպիտակ-գվարդիական լրտեսական կազմակերպությունների դեմ պայքարը։ Այնուհետև եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր Բաքվում։ 1921 թվականին, դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին, նշանակվել է Հայաստանի հյուսիսային շրջանների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Աշխատել է որպես Կովկասյան առանձին բանակի ռազմա-հեղափոխական խորհրդին կից Հատուկ հանձնաժողովի նախագահ, Անդրֆեդերացիայի բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ, 1924 թվականին՝ նաև փոստ-հեռագրի ժողկոմատի Անդրկովկասյան վարչության պետ։