Ի՞նչ էր ասել զինվորը կնոջը զոհվելուց առաջ։ Հերոսի պատմությունը

Երբ հայրենիքին վտանգ է սպառնում՝ ոստիկանը զինվոր է։ Սա ապացուցեց նաև մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմը։

2020 թվականին սանձազերծված պատերազմի ժամանակ Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ մեկնեցին Արցախ։ Շատերն ընկան հանուն Հայրենիքի։ Նրանցից մեկն էր ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը:

Ծնունդով Գյումրիից էր, ոստիկանությունում ծառայությունը սկսել էր 2000 թվականին։ Ծառայել էր պետական պահպանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբում։

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել էին Ռուսաստան։ Տարիներ անց վերադարձել ու մեկնել էր Հադրութ՝ պարտադիր զինվորական ծառայության։

Զորացրվելուց հետո ծառայության անցնելով ոստիկանությունում, ապահովում էր բանկերից մեկի անվտանգությունը։ Պատերազմի սկսվելուն պես Արմեն Գրիգորյանը անցել է մարտական պատրաստություն ու մեկնել Արցախ։ Երբ Շուշի էր հասել, զանգել էր կնոջը։ «Ժամը 10-ն էր, որ զանգեց։ Ասաց՝ անպայման եկեղեցում մոմ կվառես»,-պատմում է կինը։

Մարին գնացել է եկեղեցի, կատարել ամուսնու խնդրանքը։ Հենց նույն ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը զոհվել է արկի պայթյունից: Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական զորակցություն» մեդալով։