«Ես միշտ ձգտել եմ նմանվել հայերին»․ «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերասան Սամի Նասերի

2 տարի առաջ հեղինակավոր և Հայաստանում շատ հայտնի «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերասան, հայտնի ֆրանսիացի Սամի Նասերին և նրա եղբայրը` սցենարիստ և դերասան Բիբի Նասերին հյուրընկալվեցին Հայաստանում։

Հայ երկրպագուները նրանց դիմավորեցին մեծ ջերմությամբ, ինչին նույն կերպ պատասխանեցին երկու մեծ արտիստները։ Նրանց այցն աննպատակ չէր, այլ ժամանել էին հստակ նախագծի շրջանակում, սակայն երկրպագուներին ևս շատ ժամանակ էին հատկացնում, լուսանկարվում, զրուցում նրանց հետ։

Եղբայրներն անգամ ասուլիս հրավիրեցին, որի շրջանակում պատմեցին ֆրանսիահայերի հետ ունեցած իրենց ջերմ հարաբերությունների մասին։ Նրանք հիշատակեցին լեգենդար հայ շանսոնիե Շառլ Ազնավուրին և նրա ընտանիքին, ում հետ չափազանց ջերմ հարաբերությունների մեջ են և դարձել են իսկական բարեկամներ։ Սամի Նասերին ասաց, որ ինքը մինչ օրս ընկերություն է անում Ժան Ռաշիդի և նրա կնոջ` Կատյա Ազնավուրի, ինչպես նաև Միշա Ազնավուրի հետ:

Ասուլիսի ընթացքում նրանք խոսեցին նաև իրենց հայ ընկերներից, ում հետ հաճախ նկարահանումներ են ունենում։

Սամի Նասերին նշել էր, որ ունի մի երազանք՝ նկարահանել ֆիլմ հայերի մասին, քանի որ միշտ ձգտել է նմանվել հայ ազգին՝ տեսնելով նրանց ներկայացուցիչներից շատերին։