Սյունիքի անտառների թագուհին կամ վանք, որտեղ արտագրվել և նկարազարդվել է «Էջմիածնի ավետարանը»․ ո՞ր վանքի մասին է խոսքը

Բղենո Նորավանքը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից 3 կմ արևելք՝ Շուռնուխ տանող ճանապարհից ձախ։
Վանական համալիրում ըստ Ստ. Օրբելյանի, X-XI դդ հիմնական կառուցումները երկու անգամ են կատարվել. առաջինը՝ ոմն Ստեփանոս քահանան 936 թվականին սպիտակավուն կրաքարից կառուցել է շենքերի մի խումբ՝ բաղկացած եկեղեցուց, սրահից, գավթից և ուրկանոցից ։ Երկրորդ խումբը, ըստ պատմագրի, կառուցվել է առաջինից «յետ սակաւուց» և, ըստ արձանագրության, ավարտվել 1062 թվականին։

Բղենո Նորավանքում է 989 թվականին արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»։

1062 թվականին Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով։ Հայկական արվեստում բացառիկ են եկեղեցու պատերը ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա արված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ։

Նկատի ունենալով տաճարի ներսի սահմանափակ տարածությունը, կարելի է եզրակացնել , որ այդ շենքը սովորական տիպի եկեղեցի չի եղել մասսայական օգտագործման համար, ոչ էլ մեծ միաբանության համար, այլ կառուցվել է սահմանափակ թվով մարդկանց, ժամանակի հասարակության վերնախավի, իշխանական դասի, կամ թագավորական տան կրոնական պահանջները բավարարելու նպատակով։

Վանքը շրջապատված է եղել պարսպով, որից մնացել է հյուսիս – արևմտյան կողմում մի կտոր, տաճարից մոտ 25 մետր հեռավորության վրա և այդ կողմից պատի մեջ մի փոքր դուռ, խոշոր քարերի շարվածքով։ Վանքն ունեցել է նաև իր գերեզմանոցը, որը գտնվում է հուշարձանից հարավ, որտեղ այժմ մնացել են անտաշ քարերով շարված մատուռի ավերակները։