Թուրքիայում հայ պատգամավորի ապտակը Չավուշօղլուին․ «110 տարի առաջ Ձեր աթոռին հայ էր նստած»
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հերթական ապտակն է հասցրել Չավուշօղլուին, ով երկրի արտաքին գործերի նախարարն է։
Խոսելով թուրք ժողովրդի և թուրքական իշխանությունների ազգայնականության մասին, Փալյան այն համարել է անտեղի՝ մասնավորապես մեջբերելով այն ժամանակները, երբ տարբեր կայսրություններում ժողովուրդները կարողացել են միասին ապրել։ Թուրքիայի ազգայնականությունը Փալյանը համարել է հիվանդություն՝ մասնավորապես շեշտելով․ «Դրանից հետո արդեն 150 տարի ազգայնականության հիվանդությունն է ներթափանցել այս տարածաշրջան»:

Նա հիշել է նաև այն հայերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Թուրքիայի մշակույթի, քաղաքակրթության կայացման գործում՝ ասելով․ «Հպարտանում եք ճարտարապետ Սինանի ստեղծագործություններով: Սինանը կեսարիացի հայ էր»:
Նա հիշել է նաև հայ քաղաքական գործիչ, գրող Գրիգոր Զոհրապի մասին, ով ևս Հայոց ցեղասպանության զոհերից դարձավ։ «Թուրքիայի պատմությունն առանց հայերի հնարավոր չէ շարադրել»,- ասել է նա։
Մևլութ Չավուշօղլուին, ով այդ ժամանակ գտնվում էր դահլիճում, Փալյանը հիշեցրել է․ «Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած, ես էլ տեսականորեն կարող եմ նստել ձեր աթոռին: Ձեզ դուր կգա՞, որ ես վեր կենամ ասեմ՝ ազգակիցներիս համար այս կամ այն բանն եմ անում: Դուր չի գա: Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ քաղաքացիներ ունի»,- ասել է Փայլանը թուրք նախարարին՝ շեշտելով այն, որ պետք չէ ասել ազգակիցներ, այլ պետք է դիմել բոլոր քաղաքացիներին՝ ինչ ազգության էլ որ նրանք պատկանեն։