«Մնում ա մի տեղ, էնտեղ էլ կհանդիպենք, այսինքն՝ երկնքում». 19-ամյա ՀԵՐՈՍ Նարեկ Գինոսյանը զոհվել է վիրավոր ընկերներին օգնելիս

«Վերջին անգամ Նարեկիս հետ խոսել եմ հոկտեմբերի 31-ին, երևի ինձ նախապատրաստեց, ասեց՝ մա՛մ, գիտե՞ս՝ տղեդ քանի անգամ ա մահից պրծել, հիմա տղեդ պիտի զոհված լիներ։ Ես առաջին անգամ լաց եղա, ինքն ինձ խստորեն ասեց՝ լսո՞ւմ ես, մա՛մ, լաց չլինե՛ս, ասեց՝ առավոտ ես քեզ կզանգեմ․․․»- հուզմունքով հիշում է 43-ամյա Կարինե Բադալյանը ու նշում, որ հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, որդին զոհվել է Մարտունու Կամար դիտակետում։

Նարեկ Գինոսյանը 8 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ծառայել է Հադրութում, սեպտեմբերի 23-ին որպես լավագույն զինվորի Նարեկին ուղարկել են Արմավիր՝ սերժանտական կուրսերի։ Մայրն ասում է՝ որդին պատերազմի լուրն իմանալուն պես կիսատ է թողել կուրսերը և ինքնակամ մեկնել Արցախ։ 

Կարինեի խոսքով՝ որդուն տարել են Խոջալու, սակայն Նարեկը ընդամենը մեկ օր է այնտեղ մնացել, միացել է հատուկջոկատայինների և գնացել ամենաթեժ կետեր՝ դեպի Ջրական։

narek

Կարինեն ասում է՝ պատերազմի դաշտում որդու հերոսությունների մասին իմացել են Նարեկի զինակից ընկերներից, քանի որ Նարեկը երբեք չի պատմել, թե ինչերի միջով է անցնում, ընդհակառակը՝ հումորով ու կատակով է խոսել ու ծնողներին ասել, թե ամեն ինչ լավ է։

«Իր մանկության ընկերը՝ Գուրգենը, էնտեղ է ծառայել, զոհվել է հենց առաջին օրը, դիպուկահար է եղել: Նարեկն ամբողջ պատերազմի ժամանակ ման ա եկել Գուրգենին, չի գտել, ասել ա՝ մնում ա մի տեղ, էնտեղ էլ կհանդիպենք, այսինքն՝ երկնքում»:

Կարինեն ասում է՝ որդին բացարձակ վախի զգացողություն չի ունեցել, անգամ կրակելիս անեկդոտներ է պատմել ընկերներին:

«Ամեն օր ասում եմ՝ ես գիտեի, տղե՛ս, որ ուժեղ ես, բայց էսքա՞ն, չի կարա մարդը իրան էդքան հավաքի էդ վատ իրավիճակի մեջ ու մեզ հետ խոսելիս էլ ուրախ խոսա, կատակ անի»։

500 հոգանոց ադրբեջանական դիվիզիա է հարձակվել, Նարեկը սկզբում կռվել է, հետո երբ իմացել է, քր վիրավորներ ունեն, փորձել է օգնել զինակից ընկերներին: Հենց օգնելու պահին էլ մեջքից անօդաչուն խփել է: Երբ իրավիճակը մեղմացել է, ընկերները գնացել են որդուն դուրս հանեն, տեսել են՝ Նարեկը ժպիտը դեմքին է զոհվել։ «Անգամ մտածել են՝ կատակ ա անում, էնքան բնական ա եղել ժպիտը»։

Նարեկը անսահման հայրենասեր էր: Նա պաշտում էր Մոնթեին, Ապրիլյան պատերազմից էլ իր հերոսը Աբաջյանն էր։ Մայրը հիշում է, երբ որդին ոգևորված զանգել ու ասել էր, որ Աբաջյանի դիրքում է: 

Նարեկ Գինոսյանը հետմահու պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» և Արիության մեդալներով։