6 իրեր, որոնք պատկանել են Սարյանին

Երկար տարիներ Մարտիրոս Սարյանի արվեստանոցում ձեռքը ճակատին դրած Էսկիմոսի փոքրիկ արձանիկ կար: Մուգ գույնի մարմարից եւ բավական ծանր արձանիկի պատմությունը հայտնի դարձավ արխիվն ուսումնասիրելու ժամանակ, երբ գտնվեց մի լուսանկար, որում Քենտն է` ձեռքին էսկիմոսի արձանիկը բռնած` ինչ-որ բան է պատմում Սարյանին, իսկ նրա դիմաց՝ սեղանի վրա, դրված է այն տուփը, որի մեջից հանվել է արձանիկը: Պարզ դարձավ, որ դա Ռոքուել Քենտի նվերն  է Սարյանին:

Մարտիրոս Սարյանի թանգարանում պահվում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատընտիրը, որը գրողն ընծայել է նկարչին: Այդ ընծայագրում Չարենցը շնորհակալություն է հայտնում Սարյանին` իրեն անմահացնելու համար: Գրքում զետեղված է Սարյանի վրձնին պատկանող Չարենցի դիմանկարը, որն, ի դեպ, կիսով է տպագրվել, քանի որ կան պատկերներ (եգիպտական դիմակ, գլխաշորը), որոնց մեջ ժամանակի համար անընդունելի սիմվոլիզմ էին նկատել:

Սարյանի արխիվում գտնվել է նաեւ այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը: Այսօր այն, թեեւ մաշված եւ գունաթափված, տեղ է գտել թանգարանի ցուցադրության մեջ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվում են արեւելյան կանաչ չարոխները: Դրանք նկարիչը նույնպես օգտագործել է 1915թ.-ի նատյուրմորտի մեջ:

Սարյանի արվեստանոցում են պահվում նրա երկու մոլբերտները, որոնց վրա նկարիչը ստեղծել է իր կտավների մեծ մասը: Դրանք նկարիչը գնացքով բերել է Ֆրանսիայից:

Այս լուսանկարում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Դմիտրի Շոստակովիչն է նստած սեղանի մոտ` սուրճ խմում Սարյանի հետ: Այս լուսանկարում Սարյանի ու Շոստակովիչի սուրճի բաժակները տարբեր են, եւ սրանք երկուսն էլ այժմ ցուցադրվում են նկարչի տուն-թանգարանում:  

Начало формы