Այս ՀԱՅԸ դասվեց ռուսական համր կինոյի աստղերի շարքին. ճանաչենք կինոյի հայ աշխարհակալին
Խոսքը հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Համո Բեկնազարյանի մասին է:

Համո Բեկնազարյանը սովորել է Երևանի, ապա՝ Տաշքենդի գիմնազիաներում, ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների, իսկ Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։
1921 թվականից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Կորսված գանձեր», «Նաթելլա» կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։
1925 թվականին հրավիրվել է Երևան Դանիել Դզնունու կողմից և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է Նամուս գեղարվեստական ֆիլմը, 1926 թվականին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե», «Խասփուշ», «Տունը հրաբխի վրա» և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։
Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա «Զանգեզուր», «Դավիթ Բեկ» ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։
Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում», «Երկիր Նաիրի» և այլն։ «Երկրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։
Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում։
Համո Բեկնազարյանը մահացել է 1965 թվականի ապրիլի 27-ին և թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: