Հայաստանում հայտնաբերված ամենահին ՈՍԿԻՆ. Բացվել է 1960-ականներին հայտնաբերված ոսկու հավաքածուի ցուցադրությունը, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Այն իրականացվում է «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։

Ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արա Խզմալյանը նշել է, որ մշակութային արժեքների նկատմամբ պատասխանատվությունը սկիզբ է առնում այդ արժեքների գիտակցումից և արժեքի հանդեպ դիրքորոշում մշակելուց:

Նրա ընդգծմամբ՝ ցանկացած հնագիտական արժեք ազգային հպարտության զգացում է առաջացնում, բայց այն, ինչ ցուցադրված է Մեծամորում, տասնապատիկ հպարտության առիթ է ընձեռում, որովհետև գործ ունենք գանձերի հետ, որոնք ունեն ոչ միայն զուտ հնագիտական նշանակություն, այլև վավերագրական: Դրանք գործնական, տնտեսական կապերին վերաբերող ահռելի տեղեկատվություն են պարունակում և բացառիկ են ոչ միայն նրանով, որ ոսկուց ու թանկարժեք այլ մետաղներից են, այլև սեպագիր արձանագրություններով, որոնք ունեն պատմագիտական նշանակություն:

Տեղեկացնենք, որ հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։