Գիտե՞ք՝ ինչ բանաստեղծություն է նվիրել մորը Հայրիկ Մուրադյանը, երբ իմացել է իր առասպելական ծննդի մասին

Հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը ծնվել է  1905 թվականի մայիսի 3-ին Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում։

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ փոքրիկ Հայրիկի հետ տարբեր հույսեր էր կապում. տատը թոռան բարձի տակ պարան էր դրել, որ շալկտար դառնա ու մեջքն ամուր լինի, հայրը «Նարեկ» էր դրել՝ որ որդին գիտուն լինի, իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը և ասել․ «թող ֆիդայի դառնա»։

Խրիմյան Հայրիկի բարոյական շնչի ներքո կրթված հարևան գյուղի ավագ քահանան փոքրիկին կնքել էր Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։

Գարնանային արևոտ մի օր Հայրիկի մայրը գնացած է լինում Առնոս լեռան լանջ՝ կանաչի հավաքելու։ Հանկարծ երկինքը մթնում է։ Սկզբում անձրև է տեղում, հետո՝ կարկուտ։ Մայրը, եղանակից պաշտպանվելու համար, ծածկում է գլուխը մեծ տերևներով, մինչև որ հասնում է մի քարանձավի։ Այդ ժամանակ հանկարծակի սկսվում են ծննդաբերության ցավերը ու աշխարհ է գալիս Հայրիկը։ Մայրը չկորցնելով իրեն՝ նրան փաթաթում է իր զգեստի մի կտորով։ Հայրը տեսնելով, որ եղանակը փոխվել է՝ անհանգստանում է ու գնում է Առնոս լեռ՝ օգնելու կնոջը։ Հասնելով քարանձավի մուտքի մոտ՝ նա զարմացած ու ուրախացած նայում է կնոջը և որդուն ու երկուսին էլ տուն է տանում։

Հետագայում Հայրիկը, իմանալով իր առասպելական ծննդի մասին, հետևյալ տողերն է նվիրել մորը.

Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ
Եվ ես զգացի հողմերի համբույր։

1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, սոված ու հուսահատ՝ Մուրադյանների 54 անձից բաղկացած գերդաստանը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր կոտորածի միջով հասել է Սալմաստ (Իրան)։ Այնուհետև վերադարձել ՝ Վան, հետո նորից Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո։

1921 թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատում Վերին Արտաշատում։

Սկզբում պատանին աշխատել է որպես բատրակ։ Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանում նա շփվել է հայտնի մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Յուրի Ղամբարյանի, Արսեն Տերտերյանի, Գուրգեն Սևակի, Մկրտիչ Մկրյանի և ուրիշներ հետ։

Հետագա տարիներին Հայրիկ Մուրադյանն ապրեց Խորհրդային Հայաստանում։ Տարիների ընթացքում Հայրիկը Հայաստանի տարբեր շրջաններում ծավալել է ղեկավար բնույթի աշխատանքներ։ Հերթական գործուղումներից մեկի ժամանակ էլ Հայրիկը հանդիպեց Աննային, սիրահարվեց ու ամուսնացավ։ Այդ ժամանակաշրջանում Հայրիկը ծանոթացել և շփվել է նաև տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, որոնցից էլ սովորել և գրի է առել հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր։

1937 թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվեց բանտում։ Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո։

Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկը մեկնել է ռազմաճակատ, որպես քաղաշխատող 64-րդ ինտերնացիոնալ հատուկ գնդի ռազմիկների հետ մարտնչել է թշնամու դեմ Թերեքի հովտում, մասնակցել Հյուսիսային Կովկասի և Հարավային Ռուսաստանի բազմաթիվ քաղաքների և գյուղերի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով», «Կովկասի պաշտպանության համար» մեդալով և երեք մարտական մեդալներով։

1965 թ. առաջին անգամ եթեր արձակվեց Հայրիկ Մուրադյանի ձայնը։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել 1985 թվականին։

Հայրիկ Մուրադյանը մահացել է  95 տարեկան հասակում։