«Հայն», ում հուղարկավորությանը ներկա էր Էրդողանը․ ինչո՞ւ էր նա ծածկված Թուրքիայի դրոշով

«Մենք կշարունակենք աջակցել Թուրքիայի հայ համայնքին, որը հարստության կարևոր գույն է, որը դարձնում է Թուրքիան ուժեղ», — ասել է Էրդողանը ազգությամբ հայ, սակայն ինքն իրեն թուրք համարող Մարգար Եսայանի հուղարկավորությանը մասնակցելիս։ Վերջինս եղել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայ պատգամավոր։ Նա մահացել է 51 տարեկան հասակնում՝ անբուժելի հիվանդության հետևանքով։

Մարգար Եսայանը Հայոց Ցեղասպանության իրողությունը համարում էր սոսկ «աքսոր» և կիսում էր կուսակցության տեսակետը եղելության վերաբերյալ։ Ահա աայդ պատճառով էլ վերջինիս դագաղը ծածկված էր թուրքական դրոշով և նրան վերջին հրաժեշտը տալու եկան Թուրքիայի նախագահն ու առաջին տիկինը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ։

Էրդողանը և մյուսները հրաժեշտ տալու համար եկան Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի էր ունենում հոգեհանգստյան կարգը։

Եկեղեցի ժամանելուն պես՝ Էրդողանին դիմավորել է Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարք Սահակ Մաշալյանը։

Արարողության ժամանակ ունեցած ելույթում Էրդողանին շնորհակալություն հայտնելով՝ Մաշալյանն ասել է, որ նման մասնակցությունը «առաջինն է թուրքահայերի պատմության մեջ»։