Թուրքերը խաբել–տարել էին եղբորը։ Անդրանիկի ջոկատից մի հերոսի պատմություն

Զորավար Անդրանիկի ջոկատում կռված Արտաշես Տեր–Պետրոսյանի` Ջումշուտի մասին քչերն են լսել։ Նրա որդին` 90–ամյա Հենրիկ Տեր-Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է հայրը թուրքերից վրեժ լուծել եղբոր համար, և ինչու են Արտաշեսին Ջումշուտ կոչել։

Ջումշուտի վերքը խորն էր, թուրքերը խաբել–տարել էին եղբորը, ու ընտանիքն այդպես էլ չէր իմացել` ինչ է եղել նրա հետ։ Նրա որդին՝ 90–ամյա Հենրիկ Տեր-Պետրոսյանը, շատ լավ գիտի 1918 թվականին հոր ընտանիքում տեղի ունեցած ցավալի դեպքերի մանրամասները։

«Հորս ընտանիքը Ղարսից տեղափոխվել ու ապրում էր Ալեքսանդրապոլում: Տունը ներկայիս «Պոբեդայի» այգու տարածքում էր: Հորեղբայրս շատ գեղեցիկ տղա էր, 17 տարեկան: Թուրքերը եկան, տատիս ասին. «Բաջի՛, տղայիդ տանենք: Այսպես եկան, հավաքեցին քաղաքի սիրուն, ջահել տղաներին, տարան։ Այդ տանելն էր։ Մոտ 200 հոգու, այդ թվում` հորեղբորս, այլևս ոչ ոք չտեսավ։ Հորեղբորիցս միայն մի նկար է մնացել»-պատմում է Հենրիկ պապը:

Ջումշուտը` Արտաշես Տեր–Պետրոսյանը, ծնվել է 1894 թվականին Կարսում: Անդրանիկ Օզանյանի կամավորներից մեկը դառնալը նրա համար կորցրած ծննդավայրի ու եղբոր վրեժը լուծելու հնարավորություն էր: Անդրանիկի հետ շատ կռիվների է մասնակցել: Ջումշուտ անունը հենց այդ ժամանակ էլ ստացել է:

«Կռիվներից մեկի ժամանակ մի թուրքի է սպանել, պարզվել է` Ջումշուտ աղայի որդին է: Անդրանիկի ջոկատում մի քանի Արտաշես է եղել, այդ դեպքից հետո մյուս Արտաշեսներից տարբերելու համար հայրիկիս սկսել են Ջումշուտ ասել: Այդ անունն այդպես կպել–մնացել է»,- պատմում է որդին:

Երբ Անդրանիկը մեկնում է Բուլղարիա, Ջումշուտը ծնողներին մենակ չթողնելու համար չի միանում զորավարին: 1966 թվականին փոքրիկ թանգարան է բացում Գյումրիում ու այն նվիրում սիրելի զորավարի՝ Անդրանիկ Օզանյանի հիշատակին:

Փոքրիկ սենյակում հավաքված նկարներն ու տեղեկությունները եզակի են: Թանգարանում նաև շատ հայտնի մարդիկ են եղել, իսկ բանաստեղծ Հովհաննես Շիրազը` մշտական այցելու:

Հոր հայրենասիրությունն ու Անդրանիկ Օզանյանի հանդեպ հարգանքը մշտապես հիացրել ու զարմացրել են որդուն: «Հյարս միշտ ասում էր «Ջումշուտ է անունս, եկա, գնացի, հայրենասեր մարդկանց կարոտ մնացի»»։ Ջումշուտը մահացել է 1977 թվականին՝ 83 տարեկան հասակում: