ՀԵՐՈՍ Վարազդատը երկու «ձեռքերով» կպարի իր հարսանիքին. Եկե՛ք շնորհավորենք մեր քաջ զինվորին

Երկու վերին վերջույթները կորցրած տղան՝ հերոս Վարազդատը, մինչև Նոր Տարի դուրս կգա Զինվորի տնից:

Բիոնիկ պրոթեզի շնորհիվ Վարազդատը այսուհետ կկարողանա երկու ձեռքերով սպասարկել իրեն և իր հարազատներին: Իհարկե, զգացողությունները նույնը չեն լինի. Չնայած սիրելիի ձեռքը բռնելիս ջերմությունը չի զգա, բայց գոնե կկարողանա ամուր գրկել նրան, ծաղիկներն էլ իր ձեռքով կտա:

Արցախյան վերջին պատերազմում վերջույթները կորցրած տղաներից Վարազդատը վերջին պրոթեզավորվողն է:

Հերոսի խոսքով՝ եթե պատերազմից հետո նրա ձեռքերից գոնե մեկը մնար, նա պրոթեզավորվելու համար չէր դիմի: Բայց քանի որ երկուսն էլ չկան, նա ստիպված է անել դա՝ գոնե կենցաղում որոշակի հարմարություններ ստեղծելու համար:

Վարազդատը իրավիճակին լավատեսորեն է մոտենում: Նա շնորհակալ է Աստծուն, որ թեկուզ այս վիճակում ապրում է և կարողանում է առաջ գնալ: Հերոսը լիահույս է, որ շատ շուտով նա կհարմարվի իր նոր «ձեռքերին» և դրանից նրա կյանքի որակը ևս կփոխվի:

Վարազդատն ու Սոնան վերջերս են նշանադրվել, նրանք ամռանը պատրաստվում են ամուսնանալ: Նրանց սերը պատերազմից հետո ավելի ամուր է դարձել: