Հոգեաց վանքը թշնամու ձեռքում քանդվում է․ որտե՞ղ է այն գտնվում

Հոգեաց, Հոգվոց կամ Հոգոց վանքը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։

4-րդ դարի եկեղեցին միանավ գմբեթավոր դահլիճ է, որին արևմուտքից կից է հատակագծում ուղղանկյուն, մեկ զույգ որմնամույթերով երկու հավասար քառակուսի, գմբեթածածկ մասերի բաժանված գավիթը։ Այն հյուսիսից հաղորդակից է Սուրբ Սիոն եկեղեցուն։ Հոգեաց վանքի մուտքը հարավից է։ Վանքի բոլոր սենյակները թաղածածկ են, առանց լուսամուտների և բացվում են մեկը մյուսի մեջ՝ դժվարացնելով մուտքը դեպի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հավանաբար պահվել է Տիրամոր պատկերը։

Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Անահիտ աստվածուհու տաճարը, տեղում կառուցել Ս․Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ուր, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։

Ցավոք այժմ այն գտնվում է Թուրքիայի տարածքում։ «Van ÇEVDER» պատմական հուշարձանների պահպանության միության ղեկավարներից Ալի Քալչըքը հայտնել է, որ գանձ որոնողները վանքի բոլոր քարերը տեղահան են արել։ Նա նաև նշել է, որ Թուրքիայում հաճախ են նման պատմական վայրերը ոչնչացվում։