«Իտալիայի առաջին բնակիչները հայերն են եղել»․ գիտնական Ռոբերտ Էլիս

Հայերը հաճախ են նշում, թե աշխարհում իրենց սովորություններով ու արտաքնապես ամենաշատ նմանություններ ունեցողներն իտալացիներն են։ Իտալացիներն էլ նույնն ասում են հայերի մասին։ Սակայն կա մի բրիտանացի գիտնական՝ Ռոբերտ Էլիս անունով, ով իր գիտական աշխատություններում պնդում է, որ Իտալիայի առաջին հնագույն բնակիչները հայեր են եղել։ Այս մասին փաստում է նաև մի հետազոտություն, համաձայն որի 25-30 տոկոս գենետիկական նմանություն կա երկու ժողովուրդների միջև։

«Հայերը, ինչպես և կելտերը, հիմա փոքրաթիվ են։ Ժամանակին նրանք բնակվել են ավելի ընդարձակ երկրում, որտեղ նրանք սփռվել են դեպի արևմուտք՝ Հայաստանից դեպի Իտալիա ընկած տարածք։ Այստեղ հայերը հանդես են եկել  փրյուգիացի, թրակիացի և էտրուսկ անուններով ու բնակություն հաստատել նաև հարակից այլ վայրերում»,- գրել է Էլիսը իր «Էտրուսկների հայկական ծագումը» գրքում։ Այնտեղ նա անդրադարձել է ծովից ծով Հայաստանին՝ նշելով, որ նշված տարածքն ամենայն հավանականությամբ հենց այդ շրջանից էլ բնակեցված է եղել հայերով։

Անդրադարձ է կատարվել նաև ավելի վաղ ժամանակաշրջանին՝ մ․թ․ա․ 850 թվականին։ Հետազոտողը կարծում է, որ Հայկական լեռնաշխարհից դեպի Տոսկանա գաղթը հենց այդ թվականին էլ պետք է տեղի ունեցած լինի։