Մանրամասներ Շիրվանզադեի կյանքից

Ալեքսանդր Շիրվանզադեն ծնվել է 1858թ.-ի ապրիլի 18-ին, Բաքվի Շամախի նահանգում: Գրողի իրական ազգանունն է Մովսիսյան:

Դերձակի ընտանիքում մեծացած Շիրվանզադեն մի քանի տարի Շամախիի հայոց թեմական դպրոցում սովորելուց հետո կիսատ է թողել ուսումն ու մեկնել Բաքու, ընտանիքին օգնելու նպատակով: Ութ տարի շարունակ աշխատել է նավթային գրասենյակներում, տարբեր ընկերություններում, որպես գրագիր, հաշվապահ:

Առաջին գեղարվեստական երկն է «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, որը տպագրվել է 1883թ.-ին «Մշակ»-ում:

Շիրվանզադեն Հնչակյան կուսակցության անդամ էր:

1895-96թթ. հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է:

1896-97թթ.-երը գրել է «Քաոսը», որը համարվում է հայկական ռեալիստական վիպերգության գլուխգործոց: Պատճառը գրողի և՛ գեղարվեստական, և՛ գաղափարական յուրատեսակ մոտեցումն է:

 «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը… Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»

 1898թ-ի հունվարին 2 տարով աքսորվել է Օդեսա և այդ ընթացքում գրել «Մելանիա», «Արտիստը»վեպերը և«Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը:

Շիրվանզադեն իր մեծ դերն ունի նաև հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Դեռ երիտասարդ տարիներից մասնակցել է թատերական սիրողական խմբակների, իսկ արդեն հասուն տարիքում հանդես եկել թատերական քննադատություններով:

1930թ.-ին արժանացել է Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչման: Ալեքսանդր Շիրվանզադեն նաև Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործիչ և Հայաստանի ժողովրդական գրող է: