Ինչպե՞ս է տեղի ունեցել Մանսուրյանի և Սարյանի հանդիպումը

Թե ինչպես է տեղի ունեցել երկու մեծանուն հայերի՝ Սարյանի և Մանսուրյանի  հանդիպումը, բավականին պատկերավոր ներկայացնում է մեզ հենց ինքը՝ լեգենդար Մանսուրյանը:

Երևակայել անգամ չէի կարող, որ Սարյանների տանը հաճախ այցելելու իրավունք և պատեհություն պիտի ունենամ։ 


… Ղազարոս Սարյանը Կոնսերվատորիայի ռեկտոր դարձավ 1960 թվականին։ Ռեկտոր լինելուց բացի, նաև վարում էր կոմպոզիցիայի դասարանը։ Նույն 1960 թվականին ես ընդունվեցի Կոնսերվատորիա և դիմում գրեցի առ այն, որ ուզում եմ սովորել իր դասարանում։ Արդեն հինգ տարի անց, երբ ավարտեցի Կոնսերվատորիան և պատրաստվում էի ասպիրանտուրա ընդունվել, իմ Սարյանը խորհուրդ տվեց ինձ, որ ասպիրանտական կուրսը սովորեմ Միրզոյանի դասարանում։ 1960 թվականի իմ որոշմանը հավատարիմ՝ ես լսեցի իմ նրա խորհուրդն ու հայտնեցի, որ ցանկությունս է իր մոտ շարունակել ուսումս։
Ուսումնառության հենց առաջին շրջանից եղավ այնպես, որ իմ Ղազարոս Սարյանը մի օր ինձ առաջարկեց, որ այդ օրն ինձ հետ տանը պարապի։ Գնացի Սարյանների տուն։ Հայտնվեցի Մարտիրոս Սարյանի առաջ։ Բացատրեցի, թե ո՞վ եմ, ինչո՞ւ եմ եկել։ Ասացի՝ ես Լազար Մարտիրոսովիչի ուսանողն եմ։ Վարպետը շատ զարմացավ, որ իր որդին՝ կոմպոզիտոր Սարյանը, արդեն ուսանող ունի… Քիչ հետո մոտեցավ ուսուցիչս, և մենք բարձրացանք երկրորդ հարկի իր աշխատասենյակը։ Առաջարկեց նստել մի փառավոր ռոյալի առջև ու ասաց՝ հիմա կգամ ու գնաց։
Նստել եմ դաշնամուրի առջև, մեկ էլ տեսնեմ ոտքերիս մոտ, ռոյալի տակ պառկած է հսկա մի շուն ու մերթ ընթ մերթ ծանր շնչում է։ Սսկվել էի։ Սպասում էի, թե ինչով է ավարտվելու այս հսկա կենդանու հետ իմ հանդիպումը։ Քիչ հետո, շան հանդեպ իմ վախը տեսնելով, ասաց՝ մի վախեցիր, Բեմբին շատ մարդկանցից շատ ավելի բարի է։
Այս եղավ իմ մուտքը Սարյանների տուն։


Ղազարոս Սարյանը, անշուշտ, ինձ հետ պարապում էր Կոնսերվատորիայի մեր դասարանում, բայց ռեկտորի իր հոգսերը երբեմն ստիպում էին նրան ինձ տուն կանչել պարապելու։
Տարիներ տևող մեր շփումների ընթացքում ես ավելի ու ավելի խորը ճանաչեցի իմ ուսուցչին։ Ոչ միայն պաշտոնի բերումով ռեկտոր էր, այլև Կոնսերվատորիայի առանցքն էր նա ծառայողական կազմի, դասախոսների և ուսանողների համար։ Մեծ հեղինակություն էր բացարձապես բոլորի համար։ Վերին աստիճանի կազմակերպված, պարտաճանաչ, ամբողջ էությամբ Կոնսերվատորիային նվիրված էր ապրում։ Ոչ հաստ թղթապանակ-պայուսակը ձեռքին՝ ամեն առավոտ գալիս էր Կոնսերվատորիա։ Մեր դասերը լինում էին օրվա երկրորդ կեսին, հինգից հետո։ Մշտապես սթափ և օրվա ծրագիրը հստակ ձևակերպած ռեկտոր էր ամեն պահի և բոլորի համար։

Տարիներ հետո, մի անգամ կոմպոզիտորների մեծ խմբով մեկնեցինք Մոսկվա՝ համագումարի մասնակցելու։ Համերգներից մեկի ընդմիջման պահին ճեմասրահում Սարյանը մոտեցավ ինձ ու ասաց. «Գնանք, քեզ Արամ Խաչատրյանին ներկայացնեմ»։ Մոտեցանք քիչ հեռու միայնակ կանգնած Արամ Խաչատրյանին։ «Ուզում եմ քեզ ներկայացնել իմ ուսանողին»,- Խաչատրյանին դիմելով՝ ասաց Ղազարոս Սարյանը։ Արամ Խաչատրյանը հարցրեց. «Ի՞նչ է Ձեր անուն-ազգանունը»։ Ասացի՝ Տիգրան Մանսուրյան։ Արամ Խաչատրյանը երկու թևերը բացեց ու հիացմունքով ասաց. «Ինչպիսի գեղեցիկ հայտագիր կլինի այս անուն-ազգանունով»։ Ես զարմացած էի՝ առանց իմ զարմանքը ցույց տալու։ Սա եղավ Արամ Խաչատրյանի հետ իմ առաջին շփումը։
Ղազարոս Սարյանն, իրոք, մեր երաժշտական կյանքում անգնահատելի և մեծ ավանդ է ներդրել։
Հիմա երբ մտովի վերադառնում եմ Ղազարոս Սարյանին ուսանելու իմ տարիներին,Վարպետի՝ Մարտիրոս Սարյանի մեծ ընտանիքի առանձնահատուկ ոգեղենությամբ շնչող հարուստ տունը այցելելու իմ տարիներին, առավել հստակ ու ավելի խորքով եմ հայտնաբերում այն հարստությունը, որի հետ ապրեցի տարիներով և որի միջով անցա։