Վայրի խոյի մարմնի շարժումները։ Քոչարի. հայկական պարի պատմությունը

Անսասան շղթա կազմեցին աղջիկներն ու տղաները: Նրանք նախապատրաստվում են փորձի: Կհնչի երաժշտությունը, կլսվի հատակին զարկվող ոտքերի դոփյունը, ու կցնցվեն դահլիճի պատուհանները: Սա հայկական հնագույն պարի` քոչարու հոգին ու ապրումները:

Եթե պրոֆեսիոնալները գիտեն այս պարի բուն էությունը, ապա շատերի համար այն պարզապես զուգորդվում է «մեր», «հարազատ» հասկացությունների հետ: Միշտ էլ աղմկոտ հավաքույթների, հարսանիքների, ծննդյան տոների, խնջույքների ժամանակ գտնվում են խիզախներ, ովքեր ոտքի են հանում բոլորին: Ամբողջ աշխարհի հայերն են պարում քոչարի` մեծամասամբ չիմանալով, թե ինչպես է պետք «ճիշտ պարել»:

«Առաջին անգամ քոչարի պարել սովորեցի հայկական համայնքում։ Պարի սիրահարների թիվն աստիճանաբար մեծացավ, և պրոֆեսիոնալ պարողները շատացան։ Այժմ մեզանից շատերը քոչարի պարել են սովորեցնում փոքրերին»,- պատմում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Միխայիլ Ասատուրովը։

Հայկական քոչարիի ծագման ու կայացման մասին Գագիկ Գինոսյանըասում է. «Քոչարին ստեղծվել է հեթանոսական ժամանակաշրջանում, երբ գոյություն ուներ ծառերի, ջրի, արևի ու կենդանիների պաշտամունք: Պարը, որը նմանակում է վայրի խոյի մարմնի շարժումները, ուժն ու հզորությունը, որը միշտ պայքարել է իր տարածքի, իր հոտի համար, ծագել է վայրի խոյի պաշտամունքի շրջանում: Մինչ օրս` դարեր անց, պահպանվել են այդ պաշտամունքի տարրերն ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ առօրյայում: Ակնհայտ օրինակ է հենց քոչարի պարը»:

Քոչարին առաջացել է խոյի երկրպագության ժամանակաշրջանում։ Կար մի ծիսակատարություն` «վեր խոյանալ», որը ենթադրում էր հետևյալը. խոյի պես ետևի «սմբակներին» բարձրանալ, վեր բարձրանալ և դրանցով ուժգին հարվածել գետնին:

Այս տարրը պահպանվել է քոչարիի մի քանի տարատեսակներում: Շարքով կանգնած խումբը ոտքերը վեր է բարձրացնում և ուժգին հարվածում գետնին:

Մինչև 19-րդ դարը քոչարի միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը և սովորական դարձավ, այն սկսեցին պարել նաև կանայք:

Հատկանշական է, որ բացի քոչարիից, Հայկական լեռնաշխարհում տարածված էր նաև «գովնդ» պարը, ինչը նշանակում է «շրջանաձև»: «Գովնդ կարող էին պարել բոլորը, չկար կանանց և տղամարդկանց բաժանում, ինչպես այլ պարերում», — պատմում է Գինոսյանը: