Մի վրեժի պատմություն

Փոքրիկ մի պատմություն, որն իր մեջ ամփոփում է հայի ողջ ցավը։

Դարավերջի մեր ազատատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, ով Արցախի տեղը վատ գիտեր, իսկ հայերեն ընդհանրապես չգիտեր: Ջինսի նորաոճ վերնաշապիկով Ժանին, հարցնում են, թե ի՞նչ պիտի անի Արցախում, ասում է՝ պապիս վրեժը պիտի լուծեմ:

-Ի՞նչ վրեժ,- զարմանում են:

-Պատմելու բան չի, որ պատմեմ:

-Անողն անելիս չի ամաչել, դու պատմելու համա՞ր ես ամաչում:

Խոսք-խոսքի պարզվում է, որ նրանց մեծանուն, մեծահարուստ գերդաստանին Խարբերդի Վարդաթիլ գյուղից Ծովք լիճն են բռնահանել, հրոսապետը ամբողջ գերդաստանը կեռ դանակով մորթել, իսկ չորս տարեկան պապի լեզուն կտրել է, որ մնացած կյանքում մղկտա, բայց տեսածը պատմել չկարողանա: Բայց իր կտրած լեզվով, ահից շսղված աչքերով պապը պատմել է, մինչև մահը ամեն օր, ամեն ժամ է պատմել:

Պապը վաղուց մեռել է, ու Արցախի տեղը վատ իմացող, հայերեն ընդհանրապես չիմացող Ժանը, պատերազմի է եկել: Քանի՞ տարի է անցել հայոց ցեղասպանությունից…

Տուն վերադառնալիս ֆրանսահայ ազատամարտիկը երեք անգամ վիրավորվել, բայց մինչև նպատակին չէր հասել, մարտադաշտը չէր թողել:

-Հիմա գոնե ասա իսկական անունդ:

-Ուրեմն չիմացա՞ր,- գոհունակ ժպտաց,- Վրեժ էր: Եկա, վրեժս լուծեցի, գնում եմ: