Զրույց Մանսուրյանի հետ

Մանսուրյանն այն  մարդկանցից է, ում կարելի է անվերջ լսել: Կենդանի լեգենդը պատմում է իր կյանքի , ուսանելու և ներկայիս երիտասարդության մասին:

Երբ առաջին անգամ եղա Երևանում, ապշեցրին բուսականության առատությունը, օդի տաքությունը, ապահովության զգացողությունը, չէ՞ որ Արթիկից էի եկել։

Ես գավառից եկած, անփորձ 17 տարեկան տղա էի։ Բայց ահա, ընդունվեցի ուսումնարան ու, դու մի ասա, ուսումնարանի կարևոր մարդկանցից մեկը դարձա անմիջապես։ Հավելյալ թոշակ նշանակեցին նույնիսկ բացի ուսանողականից՝ պրոֆմիության, որ օրական ուտելու փող ունենամ։

Երևանն ինձ համար առաջին հերթին ծայրամասերն էին։ Ապրում էի Մալաթիայում, իսկ ուսումնարանի մոտիկ ընկերս՝ Հրանտը՝ Երևանյան լճի մոտակայքում՝ բարձունքի վրա, ներքևն էլ այգիներ ունեին։ Գնում էինք իրենց տուն, Չարենց էինք կարդում մինչև լույս, գինի էինք խմում։

Այն ժամանակ Կամերային երաժշտության տան տեղում պարտեզ էր, բայց հենց այդ մասում կար բացօթյա համերգասրահ, որտեղ ամռանը սիմֆոնիկ համերգներ էին լինում։ Եթե ոչ այնտեղ, գնում էի Ֆիլհարմոնիա կամ Օպերային թատրոն։

Մի անգամ Արվեստի աշխատողների տանը Փարաջանովը պատմեց ապագա «Նռան գույնի» պատմությունը։ Դա ոչ թե նկարագրություն էր, այլ մի դերասանի թատրոն։ Էդ ի՜նչ հրաշք էր պատմում։ Իսկ ցուցադրված բոլոր տարօրինակ շարժումները հետո հատ-հատ տեսանք ֆիլմում։ Ֆանտաստիկ մի բան էր։ Սարյանը, իհարկե, ներկա էր։

Երկու գլխավոր երևանցիներն ինձ համար Սարյանն ու Կարա Բալան էին՝ երկու բևեռներն էն ժամանակվա Երևանի։

Պատերազմից հետո Արամ Խաչատրյանը «Գարուն Երևան» երգը գրեց, պարզվեց, որ դա ամենակենսունակն էր Երևանի մասին բոլոր երգերից։ Չնայած, որ 60–70-ականներին Բաբաջանյանն էլ լցրեց քաղաքն իր երգերով՝ և՛ ռուսերեն, և՛ հայերեն։ Արտեմի Այվազյանն էլ գրեց։

Որտեղ էլ եղել եմ, հիվանդության աստիճան կարոտել եմ Երևանը։ Մոլորյալի պես սպասել եմ՝ երբ եմ վերադառնալու։

Այսօր պատահում է, որ ինձ էլ նայում են էնպես, ինչպես ես՝ Սարյանին։ Ցավոք սրտի, դա ինձ կաշկանդում է։ Ես կուզեի միշտ ի՛նքս լինել նայողը։

Երկրորդ մասնագիտություն ունեի՝ դիվանագիտություն։ Ապրելու դիվանագիտություն։ Որտեղ ինչ անես, ինչ խոսես, ինչ չխոսես։

93 թիվն էր, Լոս Անջելեսում մահացավ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը։ Աճյունը բերեցին Երևան։ Հուղարկավորությունը պիտի լիներ Կոնսերվատորիայի սրահից, որտեղ ես ռեկտորն էի այդ ժամանակ։ Խնդրեցի, որ կազմակերպենք՝ ուսանողներից նվագեն։ Փող էին ուզել։ Այդպիսի բարքեր հանկարծ ներխուժեցին քաղաք։ Ու էն ժամանակ կարողություններ դիզած մարդիկ հիմա էլ հրաշալի ապրում են մեզ հետ նույն քաղաքում։

Նոր ջահելներ են եկել երաժշտության բնագավառ։ Աստված ի՜մ, ի՜նչ լավ տղաներ, աղջիկներ են։ Տասնամյակներ երազում էի այս օրվան, երբ տաղանդավոր ջահելները կկարողանային գնալ դուրս, սովորել, շփվել, տեսնել, լսել ու հետ գալ։