5 հայուհիներ, ովքեր հաջողության են հասել բիզնեսում

Հայուհիները կարողանում են իրենց  հրաշալի դրևսորել ոչ միայն ընտանիքում՝ կնոջ և մոր դերում, այլ նաև ապացուցում են, որ հաջողությամբ կարող են իրականացնել նաև իրենց բիզնես նախագծերը։ Վերջին տարիներին Հայաստանում գործարար կանայք ավելացել են. իրենց օրինակով նրանք ոգեշնչում և վարակում են շատերին։ Երիտասարդ, գեղեցիկ, նպատակասլաց ու եռանդուն.  ներկայացնում ենք հաջողակ գործարար կանանց հնգյակը։

Քերոլին Ռաֆայելյան

 Քերոլին Ռաֆայելյանը ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար է։ 2010-ին  Քերոլին Ռաֆայելյանի հիմնած Alex&Ani  ընկերության եկամուտը կազմել է մոտ 4.5 մլն դոլար: 2015-ին վաճառքի ծավալները հասել են 500 միլիոն դոլարի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում:

«Մենք վաճառում  ենք ոչ թե զարդեր, այլ դրական էներգիա: Մեր զարդերը դրական էներգետիկա ունեն»,- ասում է հաջողակ կին գործարարը։

Alex&Ani ընկերությունը եզակի, բնապահպանական զարդեր ու աքսեսուարներ է ստեղծում՝ օգտագործելով վերամշակած նյութեր՝ այդ թվում մետաղի ջարդոնը: Բրենդի ամենատարածված ապրանքատեսակը կենդանակերպի նշանով թևնոցներն են $28 արժողությամբ: Ընկերությունը 65 առանձին խանութ ունի ԱՄՆ-ում, և նույնքան տաղավար` հարյուրավոր սուպերմարկետներում:

«Լավագույն բանը, որն անում եմ՝ ոչ ոքի չլսելն է»,- իր հաջողության գաղտնիքի մասին խոսելով՝ ասում է Քերոլին Ռաֆայելյանը:

 Գայանե Բրեիովան արդեն երկար տարիներ է՝ բնակվում է Մոսկվայում, որտեղ հիմնել է «Gayane’s» ռեստորանը։ Նրա՝ «Խոհանոց Գայանե-ջան» գիրքն ընդգրկվել է համաշխարհային խոհարարական գրքերի հեղինակավոր «Gourmand 2017» մրցույթի շորթ լիստում՝ աշխարհում լավագույն երեք գրքերի շարքում

«Ամենակարևոր դասը՝ լսել և ենթարկվել քո սրտին, չարհամարհել ներքին ձայնը, քո շուրջը հավաքել համախոհների, նրանց, ովքեր քո պես սիրահարված են ռեստորանային բիզնեսին»,-  ասել է Գայանեն։

2008 թվականից Վիկտորիա Ասլանյանը հոր հետ միասին  կառուցել է «ԱրմԱս» գինեգործական համալիրը: Այս տարիների ընթացքում «ԱրմԱս» ընկերությունն արդեն ճանաչվել է բազմաթիվ թե’ տեղական, թե’ արտասահմանյան մրցանակների։

«Գործդ պետք է լավ իմանաս, դրական, արդար և ազնիվ լինես, ձգտես աճել, գործում կարողանաս ապահովել լավ որակ, ունենաս լավ թիմ և սիրով անես աշխատանքը, որովեհետև ամենը, ինչ սիրով ես անում, տալիս է իր դրական արդյունքը»,- ասել է  Վիկտորիա Ասլանյանը:

 Բոլոր կանանց Վիկտորիա Ասլանյանը խորհուրդ է տալիս հետևյալը. «Եղեք «դուխով» և հավեսով։ Պատրաստ եղեք  ժամանակը ներդնել աշխատանքին և չհուսահատվեք։ Պետք է հստակ իմանաք՝ ինչ եք ուզում, որպեսզի հասնեք դրան։ Կարող ես տարբեր կարծիքներ լսել, գործդ քարշ տալ և առաջ բրդել։ Սկզբում, բնականաբար, հնարավոր է քարշ տաս:
Նաև շատ կարևոր է, որ սիրես այն, ինչ անում ես. չէ՞ որ աշխատանքդ էլ կյանքի մի մասն է, եթե դրանից հաճույք չես ստանում, էլ ո՞րն է դրա իմաստը :
Կարևորը՝ բիզնեսը զարգացնելու անգամ ամենադժվար պահերին ուրախ լինես, որովհետև դրական տրամադրությունն ազդում է արդյունքի վրա»:

Արևիկ Համբարձումյանը ղեկավարում է LOFT ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնը, որը հայտնի է նորարար գաղափարներով ու նախաձեռնություններով:

Արևիկ Համբարձումյանը մշտապես լավ տրամադրությամբ է ու բարեհամբյուր: Համբերատար լսում է, նրբանկատորեն խորհուրդներ տալիս և ուղղորդում:

«Ես այն երջանիկներից եմ, որ կարողացել է հոբբին ու կարիերան համատեղել, ունենալ սիրելի աշխատանք. սա մեծ ձեռքբերում է։ Կարողանալ այդ աշխատանքը որպես գործիք օգտագործել հասարակության ու սոցիալական տարբեր օղակներում լավ ու նոր փոփոխություներ անելու համար, նույնպես կարևոր է»,- ասում է կին գործարարը:

Հաջողակ գործարար,«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի Սամվել Կարապետյանի դուստրը շարունակում է հոր նման հաջողակ գործարար լինել։ Նա 2012 թվականից ղեկավարում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցը։

Որպես հաջողակ երիտասարդ գործարար՝ նա հայտնվել է հեղինակավոր «Forbes woman» ամսագրի շապիկին։

««ՌԻՕ» առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնն իմ առաջին օբյեկտն էր: Ես այն զրոյից եմ կառուցել: Այդ մեկ ճյուղի հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է գործում ողջ խումբը, քանի որ կինոթատրոնները ենթադրում են գործառնական բիզնես, ֆինանսներ, շինարարություն, food&beverage: Անձամբ եմ նախագծել, ընտրել աշխատակիցներին: Մինչ շինարարությունը սկսելը ես Նյու Յորքում էի, որտեղ ինձ ոգևորել էր Թայմս-Սքվերը: Ես ուզեցի այդ մթնոլորտը տեղափոխել նոր օբյեկտ, որ լիներ փայլող պանելների, լույսի, շարժման, տոնի զգացողություն»,- պատմել է նա:

  «Իմ տրամադրության տակ կա 1000 մարդ, նրանցից 93-ն աշխատում է կենտրոնական գրասենյակում: Ես աշխատում եմ սերտորեն համագործակցել իմ կինոթատրոնների հետ՝ ընդհուպ մինչև գանձապահներ»,- պատմում է Տաթևիկը։

«Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականների հարցում: Եթե արտահայտվում է, ապա ավելի շուտ դժգոհություն է հայտնում:Նա  երբեք վերջնական խիստ «ոչ» չի ասում: Նա ասում է`«Համամիտ չե՞ս:Այդ դեպքում գնա, փորձիր»: Դու գնում ես, փորձում ես,  սխալվում , հետո գալիս ես ու ասում`«Այո, դու ճիշտ էիր»: Բայց եթե հանկարծ ստացվում է, ապա նա հսկայական հպարտություն է ապրում,- անկեղծանում է Տաթևիկը։