Այս եկեղեցու որմերին արված արձանագրությունների մեջ է առաջին անգամ օգտագործվել գորգ բառը․ ո՞ր եկեղեցու մասին է խոսքը

Կապտավանքը գտնվում է Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք։ Վանական համալիրից այժմ կանգուն է մնացել միայն եկեղեցին, որի հարավային և արևմտյան ճակատներին կից պահպանվել են գավթի և այլ կառույցների հետքեր: Այն չորս կամարների վրա կառուցված յուրօրինակ շինություն է: Ունի արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր դահլիճ: Վանական համալիրը կառուցվել է XII դարի կեսին : Արձանագրությունում այն հիշատակվել է նաև սուրբ Աստվածածին անունով:

Կապտավանքը փոքր չափերի վանական համալիր է, կառուցված կապտագույն բազալտի քարերով։ Հուշարձանը որևէ զարդարանք չունի։ Արտաքին տեսքին բազմազանություն է տալիս միայն գմբեթի վեղարի տակի քիվը և դրանից ցած թմբուկի քարերի վերին շարքը, որոնք սրբատաշ վարդագույն տոֆից են։ Պատերի վերջին վերանորոգությունը կատարված է ավելի մանր քարերով, առանց քարաշարքերի հորիզոնական գծերը պահպանելու։

Եկեղեցու տարածքում պահպանվել են միջնադարյան խաչքարերի բեկորներ։ Եկեղեցու հարավ-արևելքում գտնվում են միջնադարյան գերեզմանոցի մնացորդներ։ Վանքը ժամանակին եղել է պարսպապատ, իսկ շուրջը տարածված է եղել հին բնակատեղի:

Որմերին պահպանվել է միայն նվիրատվական բնույթի 9 միավոր արձանագրություն՝ 1234-1243 թվականներին։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում ։ Արձանագրությունների մեծ մասը քարի կարծրության պատճառով խոր չեն փորագրված։ Մի քանի արձանագրություններում էլ փորագրիչները գրերին կանոնավոր ձև չեն տվել, կամ բառերի մեջ որոշ գրեր և վանկեր բաց են թողել, որով վերծանումը դժվարանում է։