Բացահայտենք Արցախի հոգևոր արժեքներից մեկը․ Խաթրավանք
Վաղ միջնադարում հիմնադրված Խաթրավանք կամ Խադավանք համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Դադիվանքից հարավ-արևելք, Թարթառ գետի աջ ափին։
Վանական համալիրի տարածքում գտնվում է խաչքարերի արժեքավոր հավաքածու։ Խաթրավանքի պատերի մեջ կան հին խաչքարեր և վիմագիր արձանագրություններ, պատմական հիշատակների հետ կապված իրեր և առարկաներ։
Վանքը բաղկացած է եկեղեցուց, զանգակատնից, սեղանատնից և օժանդակ շինություններից։
Եկեղեցին ներսից խաչաձև, արտաքինից ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Եկեղեցուն կից է փլված զանգակատունը։ Կիսավեր պատերից երևում է, որ զանգակատունը եղել է կրկնհարկ՝ տորոնագույն քարով երեսպատված։

12-րդ դարում վանական համալիրը ավերվել է երկրաշարժից, ապա՝ սելջուկների արշավանքից։ Համալիրի այժմյան եկեղեցին 1204 թվականին կառուցել է Հովհաննես եպիսկոպոս Խաչենեցին։
Պահպանվել է Խաթրավանքի 1204 թվականին գրված շինարարական վիմագիր արձանագրությունը։ Այնտեղ նշվում է, որ եկեղեցին կառուցվել է Հովհաննես Խաչենեցին, ով հավաքել է խաչեր ու խարարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ սրբություններ, որոնք նվիրել է վանքին։