Ձեռագրերի բժիշկներն կամ մատենադարանի լուսավոր սենյակը

Մատենադարանի վերականգնողական բաժինն ունի մեծ պատուհաններ։ Այդ լուսավոր սենյակում ամենուր մագաղաթներ ու ձեռագրեր են։ Սեղանների մոտ նստած և կենտրոնացած աշխատում են մասնագետները բժշկական համազգեստ հիշեցնող խալաթներով, բայց նրանց «հիվանդը» մարդը չէ, այլ՝ գիրքը։

Այդ մասնագետները տարիներով սովորում են, վերապատրաստումներ անցնում։ Նրանք իրենց սեփական ձեռքերով բուժում են ձեռագրերն ու հոգատարությամբ պահպանում դարերի խորքից եկող պատմությունը։

Վերականգնողական բաժնի աշխատանքի հիմքում չվնասելու գաղափարն է։ Նրանք իրավունք չունենք սխալվելու, քանի որ կարող ենք կորցնել հիվանդին։

Տեղի մասնագիտական բառարանում «դռնակ» է կոչվում կազմի այն հատվածը, որը ծածկում է թերթերը գրքի բացման հատվածից՝ պաշտպանելով դրանք։ Մասնագետներից մեկի խոսքով, այդ «դռնակները» հոգևոր իմաստ ունեն՝ դրանք համարվում են դուռ դեպի դրախտ։ Հենց այդ դռնով էլ մասնագետները մուտք են գործում այլ իրականություն և ցանկանում են անընդհատ վերադառնալ այնտեղ։

Այսօր ռեստավրացիոն բաժինն ինքնուրույն է վերապատրաստում իր մասնագետներին, բայց 1959 թվականին, երբ բաժինը դեռ նոր էր բացել իր դռները, մասնագետները վերապատրաստվում էին Մոսկվայում և Պետերբուրգում, իսկ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո հնարավոր դարձավ մեկնել նաև Եվրոպա, Ամերիկա և վերապատրաստումն անցնել այնտեղ։

Այսպիսով, ցանկացած ձեռագիր, որը գալիս է Մատենադարան, նախ և առաջ հայտնվում է ռեստավրացիայի բաժնում, որտեղ անցնում է «բժշկական զննություն»։ Առաջին գործնական քայլը կոնսերվացումն է՝ փոշեհանում, ախտահանում։

Տասնամյակների ընթացքում օգտվելով և վերծանելով Մատենադարանում առկա հնագույն ձեռագրերը՝ մասնագետները դուրս են բերել բնական բույսերից պատրաստված հականեխիչ և բուժիչ թուրմերի բանաձևեր։

Հաջորդ փուլն արդեն ձեռագրում օգտագործված թանաքի և ներկերի վիճակի ուսումնասիրությունն է, հատուկ մասնագիտացված մանրադիտակների միջոցով։ «Բուժումից» հետո հասունանում է հենց վերականգման պահը։