Երբևէ մտածել էիք այս մասին՝ Երևանի բժշկության թանգարան

Այս թանգարանը տեղավորվում է ընդամենը 65 մ² տարածքի մեջ, որն էլ գտնվում է Արշակունյաց պողոտայում։ Այստեղ ներկայացված է Հարություն Մինասյանի շուրջ 30 տարվա հավաքչության արդյունքում ձևավորված անձնական հավաքածուն։ Ավելի ստույգ՝ 30 հազար կտոր-ցուցանմուշ՝ հայ և համաշխարհային բժշկության ոլորտից։

Առաջին սենյակ-ցուցասրահը ստացել է «նախնադար» անվանումը։ Այս հատվածում ներկայացված են պեղածո-հնագիտական նմուշներ, բժշկական անդամահատման գործիքներ, կմախքներ, քարեդարյան գործիքներ, սպասք և այլ իրեր։ Մինասյանը հպարտությամբ ներկայացնում է 5000 տարվա վաղեմություն ունեցող մարդկային գանգը՝ գտնված Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից մեկի ժամանակ։ Ընդ որում, այն պեղել է հենց ինքը։

Թանգարանի այս մասում կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է զարգացել բժշկության պատմությունը։

Առանձին ցուցադրությամբ կարել է գտնել ցուցանմուշներ, որոնք վերաբերում են բուսաբուժությանը։ Այստեղ կլսեք, թե ինչպես են ժամանակին նոտաների միջոցով բուժել նյարդային լարվածությունը կամ այլ խնդիրներ։

Հյուրասենյակի տարբեր անկյուններում հնարավոր է տեսնել իսկական բժշկական գրասեղաններ, կոկիկ դասավորությամբ բժշկական կանացի և տղամարդու պայուսակներ, հանդերձանք, ժամանակին հայտնի հայ և օտարազգի բժիշկների, բժշկական համալսարանի ուսանողների և այլոց լուսանկարներ, անձնական իրեր, որոնք նվիրաբերվել են թանգարանին կամ գնվել են հավաքորդի անձնական միջոցներով։