Ինչու՞ էր հայտնի դաշնակահարը ծածուկ ներխուժել կոնսերվատորիայի շենք

Երևանյան դաշնամուրը առանձնանում էր մնացած գործիքներից՝ մի քանի ցուցանիշներով։ Նախ և առաջ, անկասկած, տպավորիչ էին նրա գույնն ու շքեղ արտաքին տեսքը։ Բացի այդ, բացառիկ էր գործիքի ձայնային հատկությունների որակը. հնչողությունը հարթ էր, զուրկ անհարմարություն առաջացնող էֆեկտներից։ Բնականաբար տարբերվող գործիքն իսկույն շատերի համար ոգեշնչման աղբյուր դարձավ։

Այս առումով հետաքրքիր են դաշնակահար, մանկավարժ Յակով Զարգարյանի հուշերը։ Տասը տարեկանում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Յաշա Զարգարյանն առաջին անգամ այցելեց Երևանի կոնսերվատորիայի դահլիճ:

Երաժիշտ-ուսանողների համերգն էր, ու Յաշան միանգամից սիրահարվեց սպիտակ ռոյալին։ Պատճառն իհարկե գործիքի անսովոր կերպարանքն էր. չէ՞ որ այն ամբողջությամբ սպիտակ էր, դե չհաշված սև ստեղները, ոսկեգույն զարդերն ու պեդալները…

Այդ պահից երաժիշտը երազում էր դիպչել գործիքին։ Երկու անգամ նա ծածուկ ներխուժեց կոնսերվատորիայի շենք, բայց այդպես էլ ռոյալին չհասավ. սկզբում խոչընդոտեց մի օրիորդ, ապա՝ պարապող երաժիշտները, որոնց պատանին խանգարել էր աղմուկ առաջացնելով։

Երազանքն իրականություն դարձավ մի քանի տարի անց՝ 1939-ի ապրիլի 21-ին, երբ Յաշան մասնակցում էր կոնսերվատորիայի դահլիճում կայացած դպրոցական մրցույթին։ Բնական է, որ բաղձալի արդյունքին հասածի ոգևորությունը պետք է հաղթանակ բերեր. Զարգարյանը ճանաչվեց Մոցարտի սոնատի լավագույն կատարող։